«Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ Փաստաբանների պալատը ընդունում է փաստաբանների կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելու փաստը, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը պարզաբանեց, որ կարգապահական վարույթի հարուցումը դեռեւս չի նշանակում, որ «փաստաբանների արարքում կա այն խախտումը, որը ներկայացրել է դիմող կողմը»` դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Հովիկ Արսենյանի մասով, միանշանակ, ես գտնում եմ, որ դատարանը սխալ է: Մյուսների մասով չեմ ուզում արտահայտվել, որովհետեւ դատական ատյանի ղեկավար եմ տվյալ դեպքում», - նշեց Սահակյանը:
Այդուհանդերձ, Փաստաբանների պալատի նախագահի մեկնաբանությամբ, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 314 պրիմ հոդվածի, դատարանի սանկցիայի առկայության պայմաններում Փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ, այլ որոշում կայացնել չի կարող:
Փաստաբանների պալատի վարույթը փոխանցվել է Կարգապահական հանձնաժողովին, որը պետք է որոշի` կա խախտում, թե ոչ, եւ համապատասխան տույժ` տուգանք կամ զգուշացում սահմանի փաստաբանների նկատմամբ:
«7-ի գործով» դատավարության մարտի 17-ի նիստում Մնացական Մարտիրոսյանը որոշել էր, որ պաշտպանները, որոնք մարտի 16-ին լքել էին դատարանի դահլիճը, իսկ մարտի 17-ին չէին ներկայացել, այդպիսով անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ որոշել էր սանկցիա կիրառել եւ այդ հարցով դիմել Փաստաբանների պալատ:
«7-ի գործով» դատապարտյալների փաստաբաններն են` Մելանյա Առուստամյանը (ով նաեւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է), Ստեփան Ոսկանյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը, Լիպարիտ Սիմոնյանը:
Անուշ Մարտիրոսյան