Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների առնչությամբ «Ազգ»-ը գրում է. - «Իսկ այս պահին բոլորը վրա տված` թասիբի են գցում պայքարից դուրս մնացած «Ժառանգությանը», որ եթե իսկապես ընդդիմադիր է, տեղերն ընտրական հանձնաժողովներում պետք է զիջի ՀԱԿ-ին. մի հարցնող լինի` ինչո՞ւ է զիջելու: Այդ տրամաբանությամբ վաղն էլ կասեն` եթե իսկապես ընդդիմադիր է, խորհրդարանի տեղերն էլ թող մեզ զիջի: Ոնց որ տանտիրոջն ասես` սեղանը գցի, ամեն ինչ պատրաստի դիր ու թող` գնա, մենք առանց քեզ էլ քեֆ կանենք: Եւ ընդհանրապես` անհասկանալի են «Ժառանգության» արդարացումները` հասարակական հսկիչ, կամ եսիմ էլ ինչ: Չէ, սա «Ժառանգության» կռիվը չէ, լավ կլինի ընդհանրապես առանց էմոցիաների դիտորդի դեր ստանձնի` անգամ ընտրական հանձնաժողովներում, «լավին` լավ, վատին` վատ» սկզբունքով, որովհետեւ նրա ընտրողը բոլորովին էլ ծայրըդդիմության ընտրողը չէ, եւ «Ժառանգությունը» միայն մեկի առաջ կարող է արդարանալ եւ մեկից ներողություն խնդրել` իր ընտրողից, ինչն արդեն արեց, իսկ մնացածը «հաթաթաներ» են, հայերեն ասած սադրանք»:

«Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, պատասխանել է հետեւյալ հարցին. «Այս օրերին Երեւանում արդեն ինտենսիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն սկսել է ակտիվորեն անձնագրային տվյալներ հավաքել: Ավելին` թաղապետարանների աշխատակիցների միջոցով մարդկանց ընտրակաշառք առաջարկելու դեպքեր են եղել: Այս առումով Կոնգրեսը տիրապետո՞ւմ է իրավիճակին, նման ահազանգեր ունեցե՞լ եք, թե՞ ոչ»: Զուրաբյանի պատասխանը հետեւյալն է. - «Այո, արդեն բազմաթիվ նման ինֆորմացիաներ ունենք: Ցավոք, այդպիսի ինֆորմացիաները շատ դժվար է տեղափոխել իրավական հարթությունում եւ դրանց իրավական ընթացք տալ: Հասկանալի պատճառներով, մարդիկ հիմնականում խոսում են` վախենալով հրապարակել իրենց անունները: Ի վերջո, մենք ապրում ենք բռնապետական երկրում, որտեղ մարդիկ զանգվածաբար հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Մեր քարոզարշավի նպատակներից մեկը պետք է լինի նաեւ` կոտրել այս մթնոլորտը»:

Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման թեմային է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ը: Թերթում կարդում ենք. - «ՀՀԿ-ն նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի շարք դպրոցներում անցկացրել է արտակարգ խորհրդակցություններ, որոնց ժամանակ բոլոր տնօրենների հետ ինստրուկտաժ է արել, թե ինչպես են մայիսի 31-ի ընտրություններում ապահովելու անհրաժեշտ քանակությամբ քվեներ: Երեւանի քաղաքապետարանն այս միջոցառումներին նախապատրաստվել է դրանից մեկ կամ երկու օր առաջ` հրավիրելով կրթօջախների ղեկավարների ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին երեկ ահազանգում էին Մալաթիա-Սեբաստիայի ուսուցիչները: Ըստ այդմ, դպրոցներում ստեղծվել են պատասխանատուներ` տնօրենների գլխավորությամբ: Կազմվել են 12 սյունականոց թերթիկներ, որոնց վրա պատասխանատուները պետք է լրացնեն ՀՀԿ-ի օգտին քվեարկողների անձնագրային տվյալները, եւ յուրաքանչյուր դպրոցի պարտադրվել է ապահովել շուրջ 500 քվե»:

«Առավոտ» թերթում մշակութաբան Վարդան Ջալոյանը «7-ի գործով» ամբաստանվող Շանթ Հարությունյանի առնչությամբ նշում է, թե Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»: Ջալոյանը նաեւ հիշեցնում է. - «ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք, որը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թվականին անվանեց «հանցագործություն մարդկության դեմ»։ Ըստ Ջալոյանի, բռնապետություններին հատուկ «պատժիչ հոգեբուժության» խորհրդային պրակտիկան շարունակվում է մինչ այսօր, նաեւ մեր երկրում, «քանզի դրա կիրառողները Հայաստանում ժամանակին չպատժվեցին, հոգեբուժական համակարգը էական բարեփոխման չենթարկվեց, եւ նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել»։ Սա նկատի ունենալով էլ՝ Ջալոյանը պնդում է, որ «անկախ եզրակացությունից՝ դատաբժշկական փորձաքննությունը կրում է հանցագործ՝ «պատժիչ հոգեբուժության» պրակտիկայի բնույթ», ուստի կոչ է անում հայաստանցի հոգեբույժներին ոչ մի դեպքում չհամագործակցել իշխանությունների հետ, որովհետեւ այն արատավորում է բժշկի կոչումը»։

Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին յուրովի է մոտենում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը` պատկերավորելով. - «Ճգնաժամը առասպելների ժամանակաշրջան է։ Առասպելներ հորինում են բոլորը. ե՛ւ նրանք, ովքեր իրապես մեղավոր են, ե՛ւ նրանք, ովքեր չեն ուզում դառնալ քավության նոխազ, ե՛ւ հնարավոր թափուր տեղերը զբաղեցնել ցանկացողները, ե՛ւ փող որոնողները, ե՛ւ դրանք չկորցնել փորձողները։ Բնականաբար, բոլոր առասպելները հերքել անհնար է, բայց մի քանիսին անդրադառնալ արժե։ Օրինակ, չգիտես ինչու ընդունված է համարել, թե ճգնաժամի դեմ պայքարը բացառապես կառավարության եւ Կենտրոնական բանկի գործն է։ Խորագույն մոլորություն, քանզի ողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարում են իշխանության բոլոր ճյուղերը։ Իսկ մեզանում, օրինակ, Ազգային ժողովը ճգնաժամի հենց սկզբից եւ մինչ օրս գործում է իրադարձությունների հետնաբակում»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG