Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Փորձելով կանխատեսել, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինչ վարքագիծ կդրսեւորի «Ժառանգություն» կուսակցության ընտրազանգվածը, «Առավոտ»-ի խմբագրականն առանձնացնում է 3 հնարավոր տարբերակ. - «Առաջին. «Ժառանգության» ընտրազանգվածի մի մասը ձայն կտա Հայ ազգային կոնգրեսին։ Որքա՞ն մեծ կլինի այդ մասը՝ կախված է նրանից, թե ինչպես է իրեն դրսեւորելու Կոնգրեսը նախընտրական ժամանակահատվածում՝ որպես լուրջ, սոլիդ քաղաքական ո՞ւժ, թե՞ որպես չարացած լյումպենների եւ «խփնված» հեղափոխականների զանգված։ Առաջին դեպքում «Ժառանգությունը» Կոնգրեսին ավելի մեծ ժառանգություն կթողնի, որովհետեւ այդ ընտրազանգվածը հաստատ «լուրջի» եւ «սոլիդի» կողմնակից է։ Այդ առումով լավատեսություն է ներշնչում Լեւոն Զուրաբյանի՝ Կոնգրեսի ցուցակի առաջին եռյակում հայտնվելը, որը կնպաստի վերը նշված առաջին ճանապարհի ընտրությանը։ Այդ սցենարն ավելի հավանական է դարձնում «Ժառանգության» հրապարակային կոչը՝ ձայնը տալ ընդդիմությանը։ Երկրորդ. «Ժառանգության» ընտրազանգվածի մի մասը կանցնի «իշխանամետների ամենաընդդիմադիրին»։ Դա տվյալ դեպքում Դաշնակցությունն է, որն այս ընտրություններում նույնպես, սովորության համաձայն, «ընդդիմադիր խաղեր է տալու»։ Պարզապես, նման ձեւով կողմնորոշված ընտրողները պետք է հասկանան, որ ավագանու անդամ դարձած դաշնակցականները կոալիցիայի մյուս անդամների հետ միասին իրենց ձայնը տալու են Գագիկ Բեգլարյանին։ Վերջապես, այդ ընտրողների մի մասն ընդհանրապես չի գնա ընտրությունների։ Դա ամենավատ տարբերակն է։ Իսկ իշխանությունների համար՝ ամենաձեռնտու»։

«Չորրորդ իշխանություն»-ը առաջիկա ընտրությունների համատեքստում անդրադառնում է ընդդիմադիր երկու ուժերի` Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» համագործակցության հնարավոր եղանակներին. - «Ճ՞իշտ է անում արդյոք «Ժառանգություն»-ը: Այո, դա միանշանակ ճիշտ քայլ է: Նախ` «Ժառանգություն»-ն արդեն իսկ համակիրներին կոչ է արել քվեարկել ընդդիմության օգտին, իսկ առաջիկա ընտրություններում ընդդիմադիր միակ ուժը Հայ ազգային կոնգրեսն է, երկրորդ` «Ժառանգություն»-ն իսկապես ցանկության դեպքում բավականաչափ պատրաստված եւ սկզբունքային կադրեր կգտնի` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար: Եվ ընդհանրապես` եթե Կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը, այնուամենայնիվ, որոշել են համագործակցել` հանուն վերջնական նպատակի, ճիշտ կլինի, եթե այդ ուժերի միջեւ փոխադարձ վստահություն եւ աշխատանքի բաժանում լինի: Ի՞նչն է խանգարում, որ Կոնգրեսն ուժերը կենտրոնացնի բուն ընտրությունների վրա, իսկ «Ժառանգություն»-ը փորձի աշխատել հանձնաժողովներում եւ կանխել հնարավոր ընտրակեղծիքները: Իհարկե` ոչինչ էլ չի խանգարում, բայց այս դեպքում հակառակ հարցն է առաջանում` իսկ ի՞նչն է խանգարում, որ նաեւ Հայ ազգային կոնգրեսը նման հնարավորություն ստանա: Հիմա արդեն բոլորն ափսոսանք են հայտնում, որ «Ժառանգության» եւ Կոնգրեսի բանակցությունները ձախողվեցին: Շատ լավ, բայդ եթե ընդհանուր ցուցակի շուրջ բանակցությունները ձախողվել են, դա դեռ չի նշանակում, թե պիտի ձախողվեն նաեւ հանձնաժողովներում ունենալիք ներկայացուցիչների ցուցակի շուրջ հնարավոր բանակցությունները»:

«Հրապարակ» թերթի` «Սկսվեց առեւտրի փուլը» վերնագրված խմբագրականում կարդում ենք. - «Մտանք Երեւանի քաղաքապետի ընտրությունների հաջորդ` առավել պատասխանատու փուլը. ընտրական հանձնաժողովներում տեղերի առքուվաճառքի փուլը: Մեզանում ձեւավորված ավանդույթի ուժով հանձնաժողովներում տեղերը կարող են նվիրվել, վաճառվել, փոխանակվել, օգտագործվել` քաղաքական կապիտալ կուտակելու համար: Ընտրությունը կախված է տվյալ տեղը տնօրինողների կարգավիճակից, բարոյականության աստիճանից ու հավակնություններից: Բնականաբար` այսօր ամենաշատ քննարկման առարկան «Ժառանգության» տեղերն են, որոնց տնօրինումից է, ըստ էության, կախված այս ընտրությունների ճակատագիրը: Ընդդիմության, այսինքն` Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին կարող է արդարացված լինել միայն համառ պայքարի եւ որոշակի արդյունքների հասնելու դեպքում:

Փորձելով վերլուծել մեր իրականության մեջ խոսքի ազատություն կոչվածի իրական արժեքն ու նշանակությունը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մեզանում քիչ չեն պաշտոնյաները, որոնք վճարում են, այսպես կոչված, ընդդիմադիր մամուլին, որպեսզի իրենց չդիպչեն։ Թե ինչ է այդ մամուլը գրում պետության մասին կամ իշխանության, որի ներկայացուցիչն է տվյալ պաշտոնյան, վճարողին բացարձակապես չի հետաքրքրում։ Գլխավորը, որ իրեն չդիպչեն։ Իրենք՝ լրագրողները, միանշանակ վերաբերմունք չունեն քիլեր-գործընկերների նկատմամբ։ Ոմանք նրանց դատապարտում ու արհամարհում են լրագրողական էթիկան խախտելու համար։ Մյուսներն ընդհանրապես կասկածի տակ են առնում «լրագրողական էթիկա» հասկացությունը»։ Զարգացնելով տեղեկատվական քիլերների թեման` թերթը, ի վերջո, եզրակացնում է. - «Իսկ ի՞նչն է այնուամենայնիվ սպառնում խոսքի ազատությանը։ Ահա թե ինչ։ Վաղ թե ուշ, հոգնելով թերթերի էջերից թափվող ցեխի մեջ թավալվելուց, շնչահեղձ լինելով անտանելի գարշահոտից, հասարակությունը կորոշի, որ խոսքի ազատությունը բոլոր ազատություններից ամենավնասակարն է։ Եվ այդժամ ուրախությամբ կողջունի նրան, ով պատերազմ կհայտարարի այդ ազատությանն ու կխոստանա ոչնչացնել ազգի առողջությանը սպառնացող վարակը»։

Նշելով, թե փաստորեն մեկ ամիս է մնում, որ պաշտոնապես հայտարարենք ռեցեսիայի մասին` «Կապիտալ» օրաթերթը վերլուծում է. - «Այն, որ ճգնաժամը Հայաստանի վրա փոքր-ինչ ուշացումով ազդեց, պարզապես օբյեկտիվ տնտեսական գործընթացների հետեւանքն էր, այլ ոչ թե մեր երկրի ճգնաժամադիմացկունության շնորհիվ, ինչպես ոմանք միամտորեն կարծում էին։ Պարզապես ժամանակային ինչ-որ լագ էր անհրաժեշտ, որպեսզի խոշոր ֆինանսական կենտրոնների ցնցումները հասնեն երրորդ երկրներ»։ Հոդվածագիրը այս հանգամանքը հատկապես շեշտում է, քանի որ հետեւյալ տիպի արտահայտությունները՝ «Մենք կարողացանք դիմագրավել ճգնաժամի առաջին ալիքին», «Հայաստանը կայուն խարիսխ է», «Մենք կարող ենք օգտվել ճգնաժամից, այլ ոչ թե տուժել», ոչ միայն «չափից ավելի լավատեսական էին, այլեւ հնարավորություն չէին տալիս իրավիճակը գնահատել օբյեկտիվորեն». - «Նման լավատեսական գնահատականների հետեւանքն այն էր, որ Հայաստանը համարժեք քայլեր չի կատարում ճգնաժամի պայմաններում»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG