Մատչելիության հղումներ

Պաշտոնապես գործազուրկ է համարվում հայաստանցիների 6,5 տոկոսը


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի փոխանցմամբ, Հայաստանում պաշտոնապես գործազուրկ է համարվում բնակչության 6,5 տոկոսը:

Վերջին երեք ամիսների ընթացքում ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով: Սիմոնյանի խոսքով, սակայն, ավելի շատ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր չունեն եւ փնտրում են աշխատանք, բայց պաշտոնապես գործազուրկ չեն համարվում:

«Աշխատանք փնտրողների թիվը կազմել է 94, 9 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուջ 8 տոկոսով աճել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Նա փոխանցմամբ, աշխատատեղերի նվազում հատկապես նկատվում է շինարարության, առեւտրի ոլորտներում, սպասարկման ոլորտի որոշ ճյուղերում:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանի համոզմամբ, պաշտոնապես գրանցված գործազրկության թվերը էապես տարբերվում են իրականում գոյություն ունեցող թվերից:

«Այդ մասին են վկայում նաեւ անցած տարեվերջին մեր կողմից իրականացված հետազոտության տվյալները», - ասաց նա` հավելելով. - «Եթե մենք խոսում ենք զգաղվածության մասին, եթե անգամ զբաղվածություն կա, դա էլի պետք է համարել թերզբաղվածություն, որովհետեւ բավարար վաստակ չի բերում»:

«Իհարկե, գործազրկության մակարդակը ավելացել է», - ասաց Մանասյանը` փաստարկելով. - «Որովհետեւ մենք ամեն օր լսում ենք այս կամ այն գործարանում գործունեության դադարեցման մասին, կամ` ծավալների կրճատման: Լուրջ պրոբլեմներ կան, եւ դրա հետեւանքով բանկերը մի քիչ ավելի զգուշավոր են վարկեր տրամադրում անհատ ձեռներեցներին, ձեռնարկատերերին»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG