Իրաքի հյուսիսում աշխատող քուրդ լրագրող Սամե Շորեշը «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ է հաղորդել Գյուլի եւ Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանիի բանակցությունների մասին: Լրագրողի փոխանցմամբ, նախագահները հաստատել են նոյեմբերից գործող եռակողմ` թուրքական, իրաքյան եւ ամերիկյան հանձնաժողովի մշակած գործողությունների պլանը:
«Համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի առաջիկայում Թուրքիան համաներում կհայտարարի Քրդական բանվորական կուսակցության զինյալների համար», - նշում է Շորեշը:
Գյուլի իրաքյան այցը, որը Մերձավոր Արեւելքում շատերի կողմից բնորոշվեց որպես պատմական, ավարտվեց երեկ երեկոյան: Առաջին անգամ Թուրքիայի ղեկավարը պաշտոնապես հանդիպեց Իրաքի քրդական ինքնավարության վարչապետի հետ: Քննարկման հիմնական թեման կրկին Քրդական բանվորական կուսակցության` Հյուսիսային Իրաքում գտնվող ճամբարների ճակատագիրն էր:
«Իրականությունը սա է` ահաբեկիչների ճամբարները Հյուսիսային Իրաքում գոյություն ունեն, այնպես որ, տարածաշրջանի քրդական կառավարության աջակցությունը շատ կարեւոր է», - Բաղդադում հայտարարել էր Աբդուլա Գյուլը:
Իր հերթին, Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեհչիրվան Բարզանին թուրքական կողմին խոստացել էր. - «Ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը` մենք թույլ չենք տա, որպեսզի Քուրդիստանը օգտագործվի հարեւան պետությունների վրա հարձակումների համար»:
Քրդական բանվորական կուսակցության ղեկավարները առայժմ չեն արձագանքել այս հայտարարություններին` սահմանափակվելով ժամանակավոր հրադադար հայտարարելով: Այս քայլը, կուսակցության ներկայացուցիչների խոսքով, պետք է նպաստի, որ հարավ-արեւելյան Թուրքիայում բնակվող քրդերն ակտիվորեն մասնակցեն մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` քվեարկելով քրդական ուժերը ներկայացնող թեկնածուների օգտին:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա