Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մայիսի 31-ին նախանշված Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ «168 ժամ» թերթում կարդում ենք. - «Կիրակի օրը, կուսակցությունների ներկայացրած գրեթե բոլոր ցուցակներում որոշ քաղաքական գործիչներ ընդգրկել են իրենց երեխաներին: Այդ «ցուցանիշով» առաջին տեղում է ՀՀԿ-ն, որի ցուցակում 25-րդ հորիզոնականից հետո հայտնվում են այս կամ այն հանրապետականի զավակները: Այսպիսով` ՀՀԿ-ի ցուցակի 31-րդ տեղում է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի որդին` ընդամենը 25-ամյա Դավիթ Սեդրակյանը: 34-րդում` Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի` կրկին 25-ամյա որդին` Ժորժ Խաչատրյանը: 48-րդ հորիզոնականը զբաղեցնում է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին` 24 ամյա Արման Մադաթյանը: Ի դեպ, նա իր հորից` Էդուարդ Մադաթյանից բավականաչափ առաջ է ընկել ՀՀԿ ցուցակում: Մադաթյանը ցուցակի 153-րդ հորիզոնականում է: ՀՀԿ ցուցակում իր որդուն տեղավորել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Ֆրունզե Բասենցյանը: Նրա որդին` Լեւոն Բասենցյանը, ՀՀԿ ցուցակի 74-րդ տեղում է: Իսկ ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանի որդին` 25 ամյա Արմեն Կարախանյանը, ՀՀԿ ցուցակի 163-րդ տեղում է: ՕԵԿ-ի ցուցակում, ոչ ՀՀԿ-ի չափով, եւս որդիներ կան: Օրինակ` Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի որդին` Պապին Թոխյանը: Իսկ ԲՀԿ ցուցակում ընդգրկված որդիների շարքում է ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին` 1980 թվականին ծնված Արմեն Վերսանդիկի Հակոբյանը: Նա զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը: Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբոյի դուստրը` Արմենուհի Գեւորգյանը նույնպես ԲՀԿ-ի ցուցակում է: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակում եւս կան որոշ քաղաքական գործիչների որդիներ: Օրինակ` ՀԱԿ ցուցակի 69-րդ հորիզոնականում Երջանիկ Աբգարյանի որդին է` Ավետիք Աբգարյանը, 90-րդ հորիզոնականում` ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանի որդին` Արամ Խաչատրյանը: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի դուստրը` Հասմիկ Հակոբյանը նույնպես ընդգրկվել է ՀԱԿ ցուցակում, նրա անունը 91-րդ տեղում է: ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը ՀԱԿ ցուցակում իր հայրիկից բավականաչափ առաջ է. նա գտնվում է 97-րդ հորիզոնականում, իսկ Արամ Մանուկյանը` նախավերջին 166-րդ հորիզոնականում է: ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի որդու անունը նույնպես տեղ է գտել ՀԱԿ ցուցակում: Համբարձում Գուրգենի Եղիազարյանը 131-րդ հորիզոնականում է»:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության որոշումը` «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Կուսակցությունն ընտրեց Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված իր համար, թերեւս, ամենաշահավետ լուծումը։ Երկու մնացած տարբերակները հավասարապես վտանգավոր էին։ Եթե այդ կուսակցությունն ընտրություններին մասնակցեր ինքնուրույն, ապա ոչ մի րոպե չէր կարողանա խուսափել Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների վիրավորանքների տարափից՝ «հաճախորդ», «դհոլ», «ախքիկ» տիպի։ Բայց եթե կուսակցության տեսակետից չմասնակցելը, որոշ վերապահումներով, ամենաօպտիմալ տարբերակն է, ապա բազմաթիվ երեւանցիների համար դա բացարձակապես ձեռնտու չէ։ Ովքե՞ր են «Ժառանգության» ընտրողները։ Նրանք, ովքեր չեն ուզում, որ ընտրություններում հաղթի կոալիցիան, բայց հասկանում են, որ այս ընտրություններով, անգամ ամենաբարենպաստ ելքի դեպքում, իշխանափոխության հարց չի լուծվի։ Նրանք, ովքեր դեմ են Գագիկ Բեգլարյանի թեկնածությանը, բայց ձայն չեն տա նաեւ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ցուցակին՝ «ցրտի եւ մթի», 95-96 թվականների իրադարձությունների եւ այլ՝ հիմնավոր եւ ոչ հիմնավոր տարբեր պատճառներով»։

«ժառագության» որոշումը մեկնաբանված է նաեւ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականում. - «Իհարկե, լավ չեղավ, որ չստացվեց ՀԱԿ - «Ժառանգություն» դաշինք ստեղծել: Բայց եթե այդ դաշինքի ձեւավորման արդյունքում հնարավոր է` իշխանական դաշինք էլ ստեղծվեր, ուրեմն` լավ եղավ, որ ՀԱԿ - «Ժառանգություն» դաշինք չստեղծվեց: Ու հաջորդ քայլով` լավ եղավ, որ «Ժառանգություն»-ը ընտրություններին մասնակցելու որոշում չկայացրեց, որովհետեւ, եթե «Ժառանգություն»-ը մտներ ընտրապայքարի մեջ, դժվար կլիներ պատկերացնել նրա հետագա հարաբերությունները Հայ ազգային կոնգրեսի հետ: Հիմա գոնե հնարավորություն կա կառուցել հետագա ռազմավարական համագործակցությունը Հայաստանում «արմատական իշխանափոխության» հասնելու շուրջ, մանավանդ որ` իր վերջին հայտարարության մեջ «Ժառանգություն»-ը ընդհուպ մոտեցել էր նրան, որ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման միակ ճանապարհ համարի «արմատական իշխանափոխությունը»: Եթե այս հայտարարության մեջ «Ժառանգություն»-ը անկեղծ է, ուրեմն առաջիկայում Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության հսկայական դաշտ կա, եւ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը արմատական իշխանափոխությանը նպաստող քայլ է, եթե ոչ 100` գոնե 50 տոկոսով»:

Թեման ամփոփենք «Հայոց Աշխարհ» թերթի համապատասխան հրապարակման տեսությամբ. - «Մարտի 22-ին ավարտված Երեւանի ավագանու ընտրությունների համար առաջադրումների միակ լուրջ անակնկալը «Ժառանգություն» կուսակցության խաղից դուրս գալն է, ինչը, մեր կարծիքով, նախօրեին Հայ ազգային կոնգրեսի հետ նրա ծավալած տեւական ու տանջագին բանակցությունների տրամաբանական հետեւանքն է։ Մնացածը լիովին օրինաչափ է ու հասկանալի. իշխանությունը Երեւանի ավագանու խորհուրդը եւ ապա՝ քաղաքապետի աթոռը գրոհելու է միանգամից 4 զորասյուներով՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ, իսկ ընդդիմությունը՝ ընդամենը մեկ միավորման՝ Հայ ազգային կոնգրեսի միջոցով։ Մնացած ուժերի, այդ թվում նաեւ «Սիրեցեք զմիմեանս» կարգախոսն ընտրած Ժողովրդական կուսակցության մասնակցությունը «սիրողական բնույթ» է ունենալու»։

«Կապիտալ» թերթը, հղում անելով Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքերին, տեղեկացնում է, որ առաջիկայում տնտեսական ճգնաժամի հետ կապված սոցիալական ծախսերի կրճատում չի սպասվում: Թերթում կարդում ենք. - «Ֆինանսական խնայողությունների անցնելու գործընթացում ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում սոցիալական որեւէ ծախսի կասեցումից։ Այսինքն՝ աշխատավարձերին, թոշակներին, ընտանեկան նպաստներին, համայնքներին տրվող դոտացիաներին եւ սուբսիդիաներին ուղղվող ծախսերի համամասնությունը մնում է այնպիսին, ինչպիսին բյուջեի նախնական տարբերակում է։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի՝ պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում նույնպես չի սպասվում։ Սաֆարյանի խոսքով՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների, որոնք ֆինանսական ճգնաժամի պատճառով բյուջետային ծրագրավորման բնագավառում իրականացրել են տարբեր մոտեցումներ, մասնավորապես՝ ծախսերի կրճատումներ (սեկվեստր), պահուստային ֆոնդերից լրացուցիչ գումարների հատկացումներ (այդպիսով ավելացնելով իրենց ծախսերի ծավալները), Հայաստանն ընտրել է 3-րդ ճանապարհը՝ մինչեւ այս տարեվերջ կասեցնելով բյուջեով նախատեսված որոշ ծախսերի իրականացում»։

«Շանթ Հարությունյանի խոշտանգումը շարունակվում է» վերնագրի տակ «Հրապարակ»-ը գրում է. - «Հոգեբուժարանում գտնվող Շանթը զրկվել է հարազատների հետ տեսակցելու, հեռախոսով խոսելու իրավունքից: Եվ քանի որ պաշտպան էլ չունի, հայտնվել է խուլ մեկուսացման մեջ: Անցած շաբաթ Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը փորձել են այցելել նրան, սակայն նրանց թույլ չեն տվել տեսակցել: Մեզ հետ զրույցում Շանթի կինը պատմեց, որ դատավորը հրաժարվում է տեսակցության թույլտվության տալուց` ասելով, որ գործը կասեցված է, եւ դա իր իրավասություններից դուրս է: Իսկ հոգեբուժարանում ասում են, որ տեսակցության թույլտվություն կարող է տալ միայն դատավորը: Հարազատների տեղեկություններով, փորձաքննությունը կարող է տեւել 24 օր: Եթե փորձագետները եզրակացնեն, որ նա մեղսունակ է, ապա դատավարությունը կշարունակվի, իսկ եթե մեղսունակ չէ, ապա նրա նկատմամբ հարկադիր բուժում կնշանակվի»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG