Մատչելիության հղումներ

Եվրախորհրդում կարող է քննարկվել Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու հարցը


Եվրոպացի մի շարք պաշտոնյաներ շարունակում են բացասաբար արձագանքել Ադրբեջանում մարտի 18-ին ընդունված սահմանադրական փոփոխություններին` չբացառելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է քննարկել կառույցին այդ երկրի հետագա անդամակցության հարցը:

Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Յան Միքլեֆը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել հատկապես նախագահ Իլհամ Ալիեւի ցմահ պաշտոնավարման հեռանկարի առնչությամբ` հայտարարելով, որ դա կարող է երկիրը տանել դեպի բռնապետություն:

«Մենք գիտենք, որ եթե նախագահության ժամկետը չունի որեւէ սահմանափակում, ապա նախագահը կարող է վերածվել դիկտատորի», - ընդգծել է Եվրախորհրդի պաշտոնյան:

Յան Միքլեֆը դեռ հանրաքվեից օրեր առաջ Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել հետաձգել այն, վերանայել նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը վերացնող դրույթը, քանի որ, նրա համոզմամբ, այդպիսով երկիրը կհայտնվի դժվարին կացության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Միքլեֆը հիշեցրել է, որ տարիներ առաջ Եվրախորհրդին անդամակցելով Ադրբեջանը ստանձնել է ժողովրդավարության սկզբունքներին հետեւելու պարտավորություններ, մինչդեռ նման քայլերը հակասում են այդ պարտավորություններին:

Միքլեֆը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների կիրառումը կարող է հանգեցնել Եվրոպայի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքի կասեցմանը, ավելին` կարող է քննարկման դրվել նաեւ Եվրախորհրդին Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը:

«Մենք արդեն որոշել ենք, որ եթե Ադրբեջանի իշխանությունները չկատարեն իրենց պարտավորությունները, եթե հստակ հասկացնեն, որ չեն պատրաստվում հետեւել մեր առաջարկներին, Կոնգրեսը կսկսի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման գործընթացը», - ասել է Միքլեֆը` հավելելով, որ համապատասխան քայլերը Կոնգրեսը կարող է ձեռնարկել արդեն ապրիլի սկզբին կայանալիք հանդիպմանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, մեկնաբանելով Յան Միքլեֆի դիտարկումները, հայտարարել է, թե նա քաջատեղյակ չէ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Չնայած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած բազմաթիվ կեղծիքների մասին ադրբեջանական ընդդիմության ահազանգերին` ԵԽԽՎ-ի դիտորդները գործընթացը գնահատել են ընդհանուր առմամբ թափանցիկ:

Իլհամ Ալիեւի ընդդիմախոսները մեղադրում են Արեւմուտքին` էներգետիկ կախվածության պատճառով Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական քայլերին համարժեք չպատասխանելու համար:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG