Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի


Մարտի 22-ին լրացավ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի միջնորդավորված ընտրությունների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: ԿՀԸ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը` «Ժառանգությունը», ընտրություններին չի մասնակցի:

Այսօր տարածած հայտարարության մեջ, մեկնաբանելով մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում սեփական ցուցակը չառաջադրելու որոշումը, «Ժառանգությունը», մասնավորապես, նշում է, թե «քաջ գիտակցելով, որ երկրում տիրող քաղաքական ցածր մշակույթի պայմաններում» ընդդիմության` երկու առանձին շարասյուներով ընտրություններին մասնակցելու դեպքում, «հազիվ թե կանխվի բախումը, որից կտուժի թե՛ համակ ընդդիմությունը եւ թե՛ ողջ ժողովուրդը», եւ հասկանալով, որ ստեղծված պայմաններում «ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է զիջի», «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է` չառաջադրել սեփական ցուցակը եւ «իր ընտրողներին ու Երեւանի բոլոր քաղաքացիներին» կոչ է արել` իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին:

Միեւնույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատել է «հանրային անկախ վերահսկողի» իր վճռականությունը եւ պարտավորվել է համալիր պայքար տանել քաղաքացիների քվեներն «անաղարտ պահելու, դրանց կեղծման բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ թե՛ ընտրական հանձնաժողովներում իր նշանակած անդամների միջոցով եւ թե՛ այդ հանձնաժողովներից դուրս»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի տեղեկատվության, փաստաթղթեր ներկայացրել են 6 կուսակցություն եւ 1 նախընտրական դաշինք. Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Ժողովրդական, Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրես դաշինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG