Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը հուսով է, որ Երեւանում ընտրություններն ազատ ու արդար կլինեն


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այսօր հույս է հայտնել, որ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն ազատ ու արդար:

Յովանովիչը ընտրությունների անցկացման շուրջ զրուցել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների դեսպանը նշել է, որ «ամերիկյան կառավարությունը կարեւորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը` այս համատեքստում ընդգծելով, որ ժողովրդավարության առաջընթացի ճանապարհին կարեւոր փուլ է մայիսին ծրագրված Երեւանի ավագանու ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը»:

Յովանովիչը հույս է հայտնել, որ «բոլոր մասնակիցների համար կստեղծվեն հավասար պայմաններ եւ վարչական ռեսուրս չի կիրառվի»:

Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորել է ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը` նշելով, որ «Ազգային ժողովը կանի հնարավորը խախտումները բացառելու եւ բոլորի համար հավասարաչափ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ»:

Հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին առչվող հարցեր:

«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը, բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը` ուղղված հարեւանների հետ հարաբերությունների բարելավմանը եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - ասված է հաղորդագրությունում: - «Համաձայնելով պարոն Աբրահամյանի գնահատականներին, ԱՄՆ դեսպանը տեսակետ հայտնեց, որ եթե կա մեկը, ով կարող է վերացնել քաղաքական ուժերի միջեւ անջրպետը, բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, նախագահ Սարգսյանն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG