Մատչելիության հղումներ

Սոչիի քաղաքապետի ընտրություններում լարված պայքար է սպասվում


Սոչիի քաղաքապետի ընտրությունները կարող են դառնալ ամենասկանդալայինը վերջին մի քանի տարում Ռուսաստանում անցկացված ընտրարշավների շարքում:

Ապրիլի 26-ին կայանալիք ընտրություններից առաջ մոսկվացի մի շարք հայտնի գործիչներ որոշել են պայքարել առողջարանային այս քաղաքի վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար: Հավակնորդների թվում է նախկին փոխվարչապետ, «Աջ ուժերի միության» նախկին ղեկավար Բորիս Նեմցովը, որն, ի դեպ, ծնունդով Սոչիից է, միլիարդատեր, լոնդոնյան «Իվնինգ ստանդարտ» թերթի սեփականատեր Ալեքսանդր Lեբեդեւը, ինչպես նաեւ Ալեքսանդր Lիտվինենկոյի սպանության մեջ մեղադրվող Անդրեյ Lուգովոյը:

Բորիս Նեմցովի կարծիքով, ռուսաստանյան այժմյան իրավիճակում, երբ նահանգապետերը, ինչպես նաեւ Մոսկվայի ու Պետերբուրգի քաղաքապետերը նշանակվում են նախագահի կողմից` Սոչին այն եզակի տեղերից է դառնում, որտեղ հնարավոր է թեժ ընտրապայքար ակնկալել:

«Այստեղ կամայականություններ են կատարվում, չորս քաղաքապետ է փոխվել վերջին մեկ տարում: Այս իրավիճակում մարդիկ ինձ դիմեցին, որ ես գամ ու այստեղ կարգուկանոն հաստատեմ: Նրանք հոգնել են այն կոռուպցիայից ու ցինիզմից, որ տիրում է Սոչիում», - պնդում է Նեմցովը:

Ռուս քաղաքագետները նշում են, որ 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի շեմին Սոչին շատ հրապուրիչ է հատկապես դաշնային բյուջեից հատկացվող գումարները իրացնելու առումով: Առաջիկա տարիներին Սոչիում օլիմպիական օբյեկտների կառուցման եւ ենթակառույցների ստեղծման համար հատկացվելու է 12 միլիարդ ամերիկյան դոլար:

Ժիրինովսկու Lիբերալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված պատգամավոր Անդրեյ Lուգովոյը այսպես է բացատրում ընտրարշավին իր մասնակցության շարժառիթները. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոչին փաստորեն Ռուսաստանի երրորդ` հարավային մայրաքաղաքն է, ինչպես նաեւ այն, որ հինգ տարի հետո այստեղ ձմեռային օլիմպիադա է անցկացվելու, պարզ է դառնում, որ այս ընտրությունները չէին կարող վրիպել մեր կուսակցության ուշադրությունից»:

Իշխող «Եդինայա Ռոսիան» առաջիկա ընտրություններին կսատարի գործող քաղաքապետ Անատոլի Պախոմովին:

Վերլուծաբան Վլադիմիր Պրիբիլովսկու կարծիքով, մաքուր ընտրությունների պայմաններում իշխող կուսակցությունը հաղթելու որեւէ շանս Սոչիում չունի:

«Սոչին փոքր-ինչ տարբերվում է միջին ռուսական մյուս քաղաքներից: Այստեղ կապիտալիստական տնտեսությունը բավական զարգացած է, բնակչության մի զգալի մասը ժամանակակից գաղափարների կրողն է: Այնպես որ, եթե ազնիվ ընտրություններ լինեն` «Եդինայա Ռոսիան» հաղթելու որեւէ շանս չի ունենա», - համոզված է մոսկվացի վերլուծաբանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG