Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության»` առանձին ընտրացուցակներով մասնակցությանը:

«Առավոտ»-ի խմբագիրը, մասնավորապես, գրում է. - «Երբ 2003 թվականին, ինչպես միշտ, վիճահարույց նախագահական ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանը, որպես «Արդարություն» դաշինքի առաջնորդ, մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին, արմատական ընդդիմադիրները նրան քննադատում էին, ասելով` փաստացի նախագահ ընտրված մարդը ինչու՞ է ուզում գնալ եւ ընդամենը խորհրդարանի պատգամավոր դառնալ: Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու աթոռն ավելի բա՞րձր է, քան ՀՀ ԱԺ պատգամավորինը: Քաղաքապետի ընտրության արատավոր կարգը հիմար վիճակի մեջ է դնում ոչ միայն ընդդիմությանը: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բացի Գագիկ Բեգլարյանից, ցուցակների առաջնորդներից ոչ մեկը ցանկություն ու մտադրություն չունի աշխատել որպես քաղաքապետ: Ո՞վ կհավատա, որ, օրինակ, Արտյոմ Քուշկյանը պատրաստվում է թողնել իր բժշկությունը եւ նվիրվել քաղաքի տնտեսությանը: Այստեղ էլ են աշխատում ինչ-ինչ քաղաքական գործոններ: Գործոններ, որոնք, կրկնեմ, Երեւանի խնդիրների հետ կապ չունեն»:

«Հայոց աշխարհ»-ը նույնպես այս թեման չի շրջանցել. - «Վատ չէ. հեղափոխականները, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը օրակարգից հանելով, պատրաստվում են նետվել Երեւանի քաղաքապետի պաշտոնը նվաճելու մրցապայքարի մեջ: Խոսք չկա, խելամիտ որոշում է. կոնգրեսի առաջնորդը «տասը չափել եւ մեկ ձեւել է» ու եկել այն եզրահանգման, որ բացի իրենից ուրիշ ոչ ոք չի կարող գլխավորել հեղափոխականների ցուցակը: «Համաժողովրդական» շարժման սրընթաց անկման ներկա փուլում, անշուշտ, աններելի սխալ թույլ կտար, եթե որոշեր իր տեղը զիջել զինակցին` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին»:

«Հայք» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ արդեն Հայաստանի բոլոր քաղաքացիները քաջատեղյակ էին, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են տարբեր ընտրացուցակներով: Մարտի 16-ի ուշ երեկոյան «Ժառան•ության» վարչությունը քննարկեց ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցը եւ, ըստ էության, մերժեց առաջարկը: Մերժեց, քանի որ առաջարկում էր, որ միասնական ցուցակը գլխավորի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Հայ ազգային կոնգրեսն առաջիկա ընտրություններին բավական լուրջ է վերաբերվում եւ չի պատրաստվում ընտրություններին մասնակցել մասնակցելու համար, կամ որ հերթական անգամ հայ ժողովուրդը եւ միջազգային հանրությունը համոզվեն, որ վարչախումբը շարունակում է հույսը դնել բացառապես ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների վրա: Որեւէ մեկը չի ասում, թե Արմեն Մարտիրսյանը վատ մարդ է կամ խոստումնալից քաղաքական գործիչ չէ, բայց համաձայնվեք, որ քաղաքապետի ընտրությունը ֆուտբոլային ընկերական հանդիպում չէ, որտեղ փորձարկում են խոստումնալից հարձակվողներին կամ դարպասապահներին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական գերհսկան` «Նաիրիտը»», շուտով կարող է հայտարարվել սնանկ: Համենայնդեպս, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Նաիրիտը» սնանկ ճանաչելու հայցով արդեն իսկ դիմել է դատարան: ՀԷՑ-ի լրատվության պատասխանատու Մարգարիտա Գրիգորյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց «Նաիրիտի» սնանկացման հայցով դատարան դիմելու փաստը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց: «Նաիրիտը» լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների, այսօր գերհսկան իր մատակարարներին պարտք է շուրջ 170 միլիոն դոլար, այդ թվում` սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, եւ այդ պարտքը վերադարձնելու երեւէ հույս, առնվազն` այս պահի դրությամբ, չկա: Երբ «Նաիրիտը» հերթական կանգառից հետո սկսում է կրկին աշխատել, ողջ հեռուստաեթերը հեղեղվում է այդ մասին տեղեկատվությամբ, էկրաններին երջանիկ դեմքեր են երեւում... Իսկ երբ պարզվում է, որ ձեռնարկությունը արդեն սնանկ է, այդ մասին որեւէ պաշտոնյա չի խոսում»:

«Հրապարակ» թերթը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության լուրերի ամենաթեժ շրջանում, նախքան Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում կհանդիպեր ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Հովիկ Աբրահամյանին եւ շատ խիստ տոնով հասկացրել, որ վարչապետի դեմ սկսած արշավը պետք է դադարեցվի, եւ որ Տիգրան Սարգսյանը մնալու է վարչապետ: Սրանից հետո արդեն կոալիցիան խելոք լսել է Տիգրան Սարգսյանի հիմնավորումներն այն մասին, թե ինչքան ճիշտ էր հաշվարկված լողացող փոխարժեքին ոչ թե սահուն, այլ շեշտակի անցումը»:

«Կապիտալ» թեթրում կարդում ենք. - «Ադրբեջանի ընդդիմությունը Թուրքիային կոչ է արել զգուշություն ցուցաբերել հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցում: «Չնայած այդ որոշմամբ Թուրքիայի իշխանությունները վնասում են մեր շահերին, մենք չպետք է կորցնենք այդ երկիրը եւ պետք է հասնենք նրան, որ մեր կապերը Թուրքիայի հետ մնան բարձր մակարդակի վրա», - ասել է «Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սարդար Ջալալօղլին: Ադրբեջանցի քաղաքական գործիչը հիշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում փոփոխությունները համաձայնեցված են եղել Ադրբեջանի իշխանությունների հետ: «Բացի դրանից` Թուրքիան իր շահերն ունի եւ որպես պետություն` պետք է պաշտպանի իր շահերը: Եվ երրորդ՝ ինձ թվում է, որ դրանից հետո Հայաստանի շրջափակման քաղաքականությունը կորցնում է իր ազդեցությունը», - նշել է նա»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG