Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը միասնական ցուցակով չեն մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին


Երեկ կեսգիշերին մոտ ավարտված «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել, որի արդյունքում «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը միասնական ցուցակով չեն մասնակցի մայիսի 31-ին նախատեսվող Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին:

«Երեկ մենք պաշտոնապես ստացանք Հայ ազգային կոնգրեսի կողմից միասնական ցուցակի իրենց տարբերակը` առաջարկի տեսքով եւ հենց դա էր քննարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Քննարկումների արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը իր պատկերացումները ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսին մրցունակ եւ հաղթական ցուցակի վերաբերյալ եւ օպերատիվ ռեժիմով կապ հաստատվեց ՀԱԿ-ի հետ եւ ներկայացվեց «Ժառանգության» տարբերակը եւ ես կարող եմ ասել, որ ցավոք սրտի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի պատկերացումները այդ ցուցակի վերաբերյալ չհամընկան եւ ՀԱԿ-ը չընդունեց «Ժառանգության» կողմից առաջարկված տարբերակը, որի արդյունքում կարող ենք փաստել, որ միասնական ցուցակի վերաբերյալ բանակցությունները ավարտվեցին անհաջողությամբ», - մանրամասնեց Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը նաեւ հայտնեց, որ «Ժառանգությունը» առայժմ որոշում չի կայացրել այն մասին, թե ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, քանի որ «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին «իր մասնակցության ձեւի եւ բովանդակության մասին որոշումը դեռ չի կայացրել»:

Ավելի ուշ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հրապարակեց իրենց կուսակցության առաջարկի էությունը Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցություններում. - «Առաջին տեղում մենք առաջարկեցին Արմեն Մարտիրոսյանին` որպես պոտենցիալ ունեցող խոստումնալից երիտասարդ, երկրորդ տեղում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Շատ լավ հիմնավորում կա այնտեղ, որ ընդդիմադիր ուժերի երկու լիդերները այդ լոկոմոտիվը տանելու էին»:

Հայ ազգային կոնգրեսի ցուցակում, մինչդեռ, առաջին տեղում Տեր-Պետրոսյանն է, երկրորդում` Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, եւ միայն երրորդը` «Ժառանգության» ներկայացուցիչը: Ըստ Բախշյանի, Հայ ազգային կոնգրեսը համաձայնել է միասնական ցուցակում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացնել ընդամենը 8 տեղ: Եվ համաձայնությունը նաեւ այս պատճառով տեղի չի ունեցել:

Գնահատելով «Ժառանգություն» կուսակցության որոշումը` Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Արդեն հասարակությունը տեղյակ է ե’ւ Հայ ազգային կոնգրեսի առաջարկած տարբերակին ցուցակի, ե’ւ «Ժառանգություն» կուսակցության առաջարկած տարբերակին: Ես վստահ եմ, որ հասարակությունը հստակ իր գնահատականն ունի, թե որն էր ավելի մրցունակ ցուցակ եւ այստեղ հավելյալ մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG