Մատչելիության հղումներ

«Քսանյակը» վճռական է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցում


Լոնդոնից հարավ գտնվող Հորշեմ ավանում շաբաթավերջին ավարտվել է համաշխարհային տնտեսության առաջատար 20 դերակատարների ֆինանսների նախարարների հավաքը:

«Քսանյակի» կազմում են մոլորակի տնտեսության 85 տոկոսն ապահովող առավել զարգացած 19 երկրներ բոլոր մայրցամաքներից` Արգենտինան, Ավստրալիան, Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ որպես առանձին միավոր` Եվրոպական միությունը:

Հորշեմում «քսանյակի» բարձրաստիճան ֆինանսական պաշտոնյաները խոստացել են ջանքեր գործադրել Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսավորումն ավելացնելու եւ համաշխարհային տնտեսությունն առողջացնելու համար:

Ինչպես Washington Post-ն է նշում, հավաքին նախորդել է թեժ բանավեճը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ. ԱՄՆ-ը հորդորում է բոլորին ավելի մեծ ներդրումներ տրամադրել տնտեսական խնդիրները լուծելու համար, մինչդեռ Եվրամիությունը տակավին սահմանափակվում է ֆինանսական շուկաների գործունեությունը կարգավորող օրենքների լրամշակումներով:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմ Գեյթները Հորշեմում ասել է, թե Եվրամիությունը պետք է հետեւի ֆինանսական շուկայի առողջացման նպատակով 787 միլիարդ դոլար հատկացրած ԱՄՆ-ին եւ նույնպես մեծ գումարներ տրամադրի ճգնաժամի հաղթահարմանը:

Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը երեկ ասել է, որ թեեւ Հորշեմում ոչ բոլոր հարցերում կար համաձայնություն, այնուամենայնիվ առաջարկվել են շատ լուրջ քայլեր, որոնք ճգնաժամը հաղթահարելու հույս են ներշնչում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարն ասել է, թե ամբողջ աշխարհն է համոզվում, որ իրականացվում են հիրավի աննախադեպ լուծումներ: «Բոլոր խոշոր տնտեսությունները ֆինանսական հսկայական միջոցներ են հատկացնում: Որքան հզոր լինի մեր արձագանքը ճգնաժամին, այնքան ավելի արագ կլինի վերականգնումը: Սա է ԱՄՆ-ին դրդել ընդունելու առողջացմանն ողղված` վերջին տասնամյակների ամենախոշոր փաթեթը», - հայտարարել է Թիմ Գեյթները:

«Քսանյակը» առաջարկում է նոր լիազորություններ տալ Արժույթի միջազգային հիմնադրամին եւ կրկնապատկել այդ հաստատության վարկավորումների դրամագլուխը` հասցնելով 500 միլիարդ դոլարի:

Հորշեմում տեղի ունեցած ֆինանսների նախարարների հավաքը նախորդում է «քսանյակի» ղեկավարների գագաթնաժողովին, որը նախատեսված է ապրիլի 2-ին Լոնդոնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG