Հարկ է նշել, որ նախագահ Բարաք Օբաման առնվազն մեկ տարով երկարաձգել է Միացյալ Նահանգների պատժամիջոցները Իրանի դեմ` ասելով, որ իրանական կառավարության վարած քաղաքականությունը «անսովոր եւ անչափ մեծ վտանգ է ներկայացնում» ԱՄՆ-ի համար:
Այդ պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են ներդրումներ կատարել Իրանում, առեւտրական եւ գործնական հարաբերություններ ունենալ Իրանի հետ:
Իրանի նկատմամբ այս պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվել են 1995 թվականին` Քլինթոնի վարչախմբի օրոք եւ պարբերաբար երկարաձգվել են:
Օբաման պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ` միեւնույն ժամանակ պահանջելով, որ Իրանը սահմանափակի իր միջուկային հետազոտությունների ծրագիրը:
Այսօրվա ասուլիսում Մոթաքին անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` մասնավորապես, ընդգծելով Իրանի պատրաստակամությունը` հնարավորության սահմաններում օժանդակել խնդրի խաղաղ կարգավորմանը։
«Իրանը ծանոթ է Ղարաբաղի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներին, եւ իր դիրքորոշումն էլ ներկայացրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանություններին», - ասաց Իրանի թիվ մեկ դիվանագետը։
Այս համատեքստում նա հիշեցրեց օրերս Թեհրանում տեղի ունեցած Տնտեսական գործակցության երկրների վեհաժողովի ընդունած հռչակագրի մասին։ Վեհաժողովին, ի դեպ, մասնակցել է նաեւ Ադրբեջանը։ Հռչակագրում տարածաշրջանի հակամարտությունների առնչությամբ նշվում է, թե դրանք պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով։
Ընդհանրացնելով խաղաղ կարգավորման թեման, Մանուչեհր Մոթաքին պատկերավորեց. - «Ղարաբաղի հակամարտությունն այն խնդիրներից է, որոնք, կարող են լուծվել աստիճանաբար` աղյուսը աղյուսի վրա դնելով, ինչի արդյունքում ի վերջո կկառուցվի ողջ շենքը»:
Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնելով, որ իրանցի պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող շատ հարցեր, նշեց, թե իրանցի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման ոլորտում առկա ներկայիս վիճակը։
«Ներկայացրեցի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որը, մեր կարծիքով, կարող է նաեւ կարեւոր գործոն հանդիսանալ կայունության եւ անվտանգության ամրապնդման համար մեր տարածաշրջանում», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։
Անդրադառնալով Հայաստան - Իրան հարաբերություններին` Մանուչեհր Մոթաքին ընդգծեց «երկու երկրների միջեւ եղած ընդհանրությունները, պատմական ընդհանուր արմատները եւ մտերմությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»:
Իրանի արտ•ործնախարարը նշեց նաեւ, որ երկկողմ հարաբերությունները գոհունակություն են առաջացնում, սակայն համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է։
«Մեզ ուրախացնում է մեր հարաբերությունների ընթացքը, սակայն, հաշվի առնելով երկու երկրների ներուժը, բավարար չենք համարում այն», - ասաց Իրանի արտգործնախարարը:
Ավելի ուշ Իրանի արտգործնախարարին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Տիգրան Ավետիսյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)