Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկուստեք դատապարտում» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի վերաբերյալ արձագանքներին. - «Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցը 274 էջ է կազմում: Հավանաբար, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը ժամանակ եւ ցանկություն չունեն այդ փաստաթուղթը կարդալու, եւ իրենց «դատապարտող» հայտարարություններն անում են երեւի զեկույցի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած օմբուդսմենի ասուլիսի հիման վրա, որն ամենեւին զեկույցի սեղմագիրը չէ, եւ բացարձակապես կոչված չէ արտացոլել փաստաթղթի բովանդակությունը: Եթե կողմերը, այնուամենայնիվ, փոքր-ինչ բարեխիղճ գտնվեին ու կարդային զեկույցը, ապա դատախազությունը չէր պնդի, թե պարոն Հարությունյանի եզրակացությունները մերկապարանոց են, Կոնգրեսն էլ չէր մեղադրի, որ զեկույցում անտեսված են մարտի 1-ի սպանդը, քաղբանտարկյալների առկայությունը, խոսքի եւ հանրահավաքների ազատությունը սահմանափակելու փաստերը: Զեկույցում, իհարկե, չկան քաղաքական որակումներ, բայց դա պայմանավորված է օմբուդսմենի աշխատանքի յուրահատկություններով: Կողմերի անբարեխղճությունը, կարծում եմ, պայմանավորված է նրանց հիմնական հոգեբանական կողմնորոշմամբ` ցանկացած անհատ պետք է կա’մ լինի իրենց կողմնակիցը, կա’մ, վատագույն դեպքում, իրենց թշմանին: Որեւէ այլ կարգավիճակ անընդունելի է»:

«Ազգ»-ն այսօր անդրադառնում է Հանրային խորհրդի ստեղծմանը. - «Չգիտենք` տնտեսական դժվարությունների խորացում ենթադրող այսպիսի ժամանակահատվածում քաղաքական նոր մարմնի` Հանրային խորհրդի ստեղծումը կարո՞ղ է տեղին լինել, քանզի այս պահին զուտ տնտեսական բնույթի օգնական կառույցների ստեղծումն առավել օրգանական կլիներ իրավիճակին, քան նոր քաղաքական մարմինը, որի կազմին նայելով, 2-3 անունները բացառյալ, առանձնապես նոր կամ հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի ոչինչ չի նկատվում։ Դե, քաղաքական լարված իրավիճակներում, զուտ քաղաքական դիմակայությունը թուլացնելու առումով այդպիսի խորհուրդն իսկապես կարող էր գոլորշի բաց թողնել։ Թե ինչի՞ մասին են այդ իրավիճակում խոսելու եւ ի՞նչ են քննարկելու 12 նշանակված+24 ընտրված «հարգվածները», երբ հասարակ մարդիկ այսուհետեւ ամեն օր տնտեսության եւ ապրուստի ոլորտի լուրեր ու տեղեկատվության են սպասելու, դժվար է ասել»։

Հանրային խորհրդի ստեղծմանը անդրադարձել է նաեւ «Հրապարակ»-ը` գրելով. - «Երեկ մենք հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես խոշոր կալիբրի քաղաքական գործիչը խաչ քաշեց իր կենսագրության եւ ապագայի վրա ու ստանձնեց մի չնչին աշխատանք. 1988-ի Ղարաբաղյան շարժման պարագլուխներից մեկը, նախկին ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, 1996-ին Հայաստանի նախագահ դառնալուն շատ մոտ կանգնած Վազգեն Մանուկյանը դարձավ իր մտահղացման օրից վարկաբեկված մի մարմնի` Հանրային խորհրդի նախագահ: Խորհուրդ, որտեղ հավաքված մարդիկ հայտնի են իրենց իշխանամետությամբ, որտեղ ոչ մի անկախ, ազատ մարդ, մտավորական չի թափանցել: Խորհուրդ, որի դերակատարումը, առավել եւս` հայտնի դեպքերից մեկ տարի անց, բոլորովին չի հասկացվում: Եթե անկեղծ լինենք, ապա այսօր իրավիճակ է փոխվել, եւ հասարակական երկխոսության ո’չ պահանջը կա, ո’չ ցանկությունը, ո'չ իմաստը: Ըստ այդմ` նման մեռելածին մարմնի ղեկավար լինելու իմաստն էլ չի հասկացվում: Եվ պարզ չէ, թե Վազգեն Մանուկյանի ինչին էր պետք այդ խորհրդի ղեկավարի կարգավիճակը»:

Իսկ «Չորրորդ իշխանության» խմբագրականը անդրադարձել է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին. - «Հայաստանում, համենայն դեպս վերջին տասը տարիներին, ընտրություն` որպես այդպիսին, չկա: Կա պայքար հանցավորության դեմ: Ամեն անգամ ընդդիմությունը փորձում է իշխանական լծակներին տիրացած հանցագործների դեմ պայքարել, եւ ամեն անգամ ձախողվում է: Մայիսի 31-ին էլ ճիշտ այդպիսի պայքար է ընթանալու... Ընդդիմությունը նախ պիտի կարողանա համոզել հասարակությանը, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունը հենց այն դեպքն է, երբ ընտրությունների միջոցով հասնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին` նշանակում է գործնականում իշխանափոխություն իրականացնել եւ վերջապես ձերբազատվել այս հանցավոր ռեժիմից: Այս իմաստով Երեւանի քաղաքապետի ընտրությունները համարյա նախագահական ընտրություններ են: Վերջին հաշվով, Երեւանը Հայաստանի կեսն է, իսկ տնտեսության առումով` նույնիսկ կեսից ավելին: Հետեւաբար քաղաքապետի ընտրություններին պետք է մասնակցել կա’մ ամենայն պատասխանատվությամբ, կա’մ ընդհանրապես չմասնակցել»:

«Կապիտալ»-ը յուրահատուկ դիտարկումներ է արել վերջերս կայացած Լուկաշենկո – Սարգսյան հանդիպման մասին: Թերթը գրում է. - « Հայաստան գալու համար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ հանդիպումը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ նախատեսված հանդիպումը չեղյալ հայտարարելու հանգամանքը միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել։ Ըստ Լուկաշեկոյի պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկության՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը որոշվել է երկուշաբթի, մինչդեռ Վալդների հետ հանդիպումը հաստատվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ։ Եթե ԵՄ պաշտոնյային, այդուամենայնիվ, հաջողվի Լուկաշենկոյին «բռնացնել» Մինսկում, ապա նա կդառնա վերջին տասնամյակում Բելառուս այցելած ԵՄ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան։ Բոլորովին վերջերս Մինսկ էր այցելել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիր Սոլանան։ Բանն այն է, որ ԵՄ-ում ներկայում քննարկում են ԵՄ «Արեւելյան գործընկերության» հարցերով մայիսին 7-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը Բելառուսին հրավիրել-չհրավիրելու հարցը։ Եվրոպան մտավախություն ունի, որ Բելառուսը, վերջիվերջո, տեղի կտա Ռուսաստանի ճնշմանը եւ կճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»։

«Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե կհամագործակցեն իշխանությունների հետ: Արդյոք դա զուտ պաշտոններ ուզելու հարթություն տեղափոխվել չի՞ նշանակում»: Մարտիրոսյանը պատասխանում է. - «Այդ մասին առաջինը նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց: Իհարկե ոչ. սա ընդդիմության, պետության խնդիրներով մտահոգ անձանց կարծիք է, եւ ոչ թե պաշտոնների կռվի մասին է խոսքը; Առավել եւս ճգնաժամային պայմաններում յուրաքանչյուրն աշխատում է կարեւոր պաշտոններ չզբաղեցնել, որպեսզի պատասխանատվության մեծ հարված իրեն չհասցնի: Շատ վատ է, երբ որ քաղաքական գործիչը այն ժամանակ է պաշտոնավարում, երբ ճգնաժամային իրավիճակ է: Հակառակը, սա պատասխանատվություն վերցնելու եւ իսկապես պետական մտածողություն ունենալու խնդիր է»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG