«Ոչ թե բյուջեի կրճատում, այլ` ծախսերի վերադասավորում», - Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր կառավարության նիստի ժամանակ այսպես բնութագրեց գործադիրի հաստատմանը ներկայացված արձանագրային որոշումը:
Դավթյանը հայտարարեց, թե, մասնավորապես, կառավարությունն առաջարկում է չորրորդ եռամսյակ տեղափոխել ռիսկային համարվող եկամուտները, որոնց ծավալը կազմել է 131 միլիարդ դրամ: Առաջարկվում է նաեւ կասեցնել 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
Ինչ վերաբերում է 2009 թվականի պետբյուջեի ծախսային մասի վերաբաշխմանը, ապա, ըստ ֆինանսների նախարարի, խոսքը շուրջ 93 միլիարդ դրամի մասին է: Ընդ որում, նրա խոսքով, կառավարությունը կդիմի Ազգային Ժողով համապատասխան ծախսային սցենարի` սեկվեստրի համար` եթե իրադարձությունները զարգանան ըստ հոռետեսական կանխատեսումների:
Այս արձանագրային որոշումը չպետք է ներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը, քանի որ եռամսյակային կտրվածքով բյուջեի վերաբաշխումը կառավարության լիազորությունների շրջանակում է:
Այսօր արդեն որոշ նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներ դժգոհում էին իրենց ծախսերը կրճատելու` կառավարության որոշման դեմ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ բողոքներին արձագանքեց, թե` ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աշխատել խիստ տնտեսման ռեժիմի պայմաններում:
«Անորոշությունները չափազանց մեծ են այս պահի դրությամբ», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Ոչ ոք չի կարող ասել, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու: Մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին: Եվ, ըստ էության, մենք անցնում են եռամսյակային բյյուջետային պլանավորման սկզբունքին: Ամեն եռամսյակ ամփոփելու ենք արդյունքները եւ ծրագրավորելու ենք հաջորդ եռամսյակը: Դրա համար ֆինանսների նախարարը կոչ է անում, որ դուք ուշադիր լինեք ծախսերի նկատմամբ, այն ծախսերը, որ կարելի է հետաձգել` հետաձգեք, այն խնայողությունները, որ կարող ենք անել, պետք է այդ խնայողությունները իրականացնել»:
2009 թվականի 945,5 միլիարդ կազմող պետբյուջեի դեֆիցիտը նախատեսված էր 40 միլիարդ դրամի չափով: Բյուջեն կազմվել էր 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Մինչդեռ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, այդ 9 տոկոս աճի ցուցանիշը չափազանց լավատեսական է. տնտեսական աճը ընդհանրապես կարող է լինել զրոյական:
Հունվարին Հայաստանի համախառն ներքին արդյունքը, նախորդ տարվա համեմատ նվազել էր 0.7 տոկոսով: Կառավարության հրապարակած տվյալների համաձայն, բյուջեի եկամուտները այդ նույն ժամանակահատվածում պակասել են շուրջ 13 տոկոսով:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, սակայն, այս ամենը բյուջեի կատարողականը հարցականի տակ դնել չի կարող: Որպես փաստարկներ նախարարը բերեց ցածր բյուջետային դեֆիցիտը` 1 տոկոսից պակաս, ցածր արտաքին պարտքի ծավալը եւ դրա հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին` 14-15 տոկոս:
«Դա նշանակում է», - շարունակեց նա, - «որ մենք ունենք հնարավորություն ավելացնել մեր բյուջետային դեֆիցիտը եւ ունենալ դեֆիցիտի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ»:
Նախարարի պնդմամբ, այդ աղբյուրները Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Ռուսաստանի կառավարությունից ակնկալվող վարկերն են:
Ռուբեն Մելոյան