Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ» թերթին տված հարցազրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով երկրում առկա տնտեսական խնդիրներին եւ իշխանությունների ու, մասնավորապես, Կենտրոնական բանկի որդեգրած քաղաքականությանը, ասել է. - «Վատնել են սերունդների փողերը»: Թերթի փոխանցմամբ, նա նաեւ չի բացառել, որ իշխանությունները կարող են ճգնաժամի սրության եւ տեւողության վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալված լինել. - «Կարծում եմ, ընդհանրապես անտեսել էին ստվերային հոսքերը: Օրինակ` Ռուսաստանից զգալի չափով ստվերային ֆինանսական հոսքեր կային, որոնք նախեւառաջ ուղղվում էին շինարարության ոլորտ, եւ այնպես, ինչպես չէր արձանագրվում դրանց մտնելը, այդպես էլ սխալ են գնահատել դրանց նվազման ծավալները»: Բագրատ Ասատրյանը չի կիսում նաեւ այն տեսակետը, ըստ որի Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Ռուսաստանից ստացվող շուրջ 1,5 միլիարդ դոլար ծավալով վարկերի հաշվին իշխանություններին կհաջողվի ապահովել դրամի կայուն փոխարժեքը:

«Առավոտ»-ի թղթակիցը հարցազրույց է ունեցել «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի հետ: Նա ասում է. - «Մարտի 1-ի հանրահավաքը նորից գալիս է ապացուցելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդարտ, բայց ճշմարիտ ճանապարհ է ընտրել»։ Լրագրողը հարցնում է. - «Համարում եք, որ այս ճանապարհով հնարավո՞ր է իշխանափոխության հասնել»։ Այվազյանի պատասխանը. - «Չեմ կարծում, որ տարիներ կտեւի, բայց չեմ էլ կարծում, որ սարերի ետեւում է։ Փտախտը շատ արագ է տարածվում այդ անիմաստ քաղաքական կոալիցիայի՝ իշխանության կազմում։ Ընդհանրապես, ես այս կառավարությունն անիմաստ եմ համարում, քանի որ նրա ասածներից ոչինչ իրականություն չդարձավ։ Ու քանի որ իրենց իմունիտետը զրոյի է մոտենում՝ նրանք դիմակայելու ռեսուրս չեն ունենալու։ Մոտակա ժամանակաշրջանում նրանք արդեն տեղի կտան։ Մենք չենք շտապում, քանի որ մեր գործողությունները պայմանավորելու ենք նաեւ միջազգային զարգացումներով»։

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Որ «Յոթի գործի» դատավարությունը մտել է աննպատակ ձգձգման փուլ, բոլորս տեսնում ենք։ Հարց է առաջանում, ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը այդքան վախեցած «Յոթի գործի» դատավարության բնական ընթացքից եւ ինչո՞ւ է այդքան տենդագին ձգտում ձգձգել դատը։ Երկու կարեւոր պատճառով՝ առաջին. որպեսզի հնարավորություն տա Եվրախորհրդին եւ օտարերկրյա այլ կառույցներին անընդհատ պատժամիջոցներով սպառնալ Հայաստանի իշխանություններին եւ հնարավորինս լարել իրավիճակը։ Երկրորդ, լեւոնականները անհանգստացած են, որ դատավարության ընթացքում իրավաբանորեն կապացուցվի եւ բոլորի համար պարզ կդառնա իրենց նախապատրաստած, իրականացրած հանցագործությունների ողջ շրջանակը»։

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է մեզանում բազմիցս քննարկված «հանդուրժողականություն» գաղափարը: Թերթը գրում է. - «Տպավորություն է ստեղծվում, թե հանդուրժողականությունը շատ լավ բան է, մեր բոլոր դժվարությունների պատճառն էլ սրա պակասն է: Իրականում սա մեծագույն կեղծիք է. հանդուրժողականությունը միշտ չէ, որ լավ բան է: Ավելին` կոնկրետ Հայաստանի դեպքում դա ավելի հաճախ վատ բան է: Խնդիրն էլ հենց այն է, որ «համակեցության նորմ» ասվածը վերացական հասկացություն չէ: Ամեն ինչ շատ հստակ ամրագրված է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Այսինքն` Հայաստանի ժողովուրդը պայմանավորվել է, որ պետք է ապրել այս-այս-այս օրենքներով, եւ այդ օրենքները խախտողը հանցագործ է... Հիմա այդ ի՞նչը պիտի հանդուրժի ընդդիմությունը, որ չի հանդուրժում: Ի՞նչ հանդուրժողականության կոչերի մասին է խոսքը: Ընդդիմությունը պիտի ըմբռնումո՞վ մոտենա այլանդակ ընտրակեղծիքներին, պիտի «հանուն ներքաղաքական կայունության» չպայքարի՞ քաղաքական բանտարկյալների ազատության համար: Ուշադրություն դարձրեք` խոսքը քրեական հանցագործությունների մասին է, դուք այդ ի՞նչ բարոյական իրավունքով եք կոչ անում հանդուրժել քրեական հանցագործությունները»:

«Կապիտալ»-ը շարունակում է քննարկել վարչապետի հրաժարականի թեման. - «Վարչապետի հրաժարականի մեջ շահագրգռված կարող է լինել երկու ուժ՝ այդ աթոռին հավակնող հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը եւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Երեկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ Ծառուկյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերն անհիմն են։ Դրանով ԲՀԿ-ն, որը համարվում է Քոչարյանին իշխանության վերադարձնելու հիմնական «խողովակը», վերահաստատեց Սերժ Սարգսյանին սատարելու կուսակցության համագումարի որդեգրած դիրքորոշումը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց, թե չի բացառվում, որ մոտ ապագայում Կառավարությունը հրաժարական տա, կամ իշխանությունը ՀԱԿ-ին «փրկության» կառավարություն ձեւավորելու առաջարկ անի։ Դա ակնհայտ ծուղակ էր (է) գործող իշխանությունների համար։ Մարտի 1-ի հանրահավաքից հետո ստեղծված իրավիճակն ընդդիմությանը ստիպեց քայլեր ձեռնարկել, որպեսզի ոչ թե սպասեն մինչեւ իշխանությունն ինքն ընկնի լարված այդ թակարդը, այլ պարտադրի վերջինիս դիմել այդ քայլին։ Բոլոր դեպքերում, «հարձակման» առաջին ալիքն անցած կարելի է համարել։ Երկրորդ ալիքը հավանաբար կլինի ներիշխանական ինտրիգների, փոխադարձ անվստահության արմատավորմանն ուղղված քարոզչական, քաղաքական հնարքների ամբողջություն, որը կուղեկցվի անձնական անվանարկումներով»։

«Հայկական ժաանակ»-ը տեղեկացնում է, որ բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում «ծայրահեղ լարված իրավիճակ է ստեծվել». - «Ըստ ՀՀ ֆիննախարարությունից ստացած մեր տեղեկությունների, հավաքագրված փողը հազիվ բավարարում է բյուջետային հիմնարկների աշխատավարձերին։ Վիճակն այնքան լարված է, որ բյուջետային հիմնարկներին հատկացված աշխատավարձի գումարը տվյալ հիմնարկում բաժանվում է ընդամենը մեկ-երկու օր։ Տարբեր պատճառներով այդ ընթացքում չբաշխված աշխատավարձը ետ է գալիս գանձապետական հաշիվ, որպեսզի հատկացվի մեկ այլ հիմնարկի։ Բացի աշխատավարձից, այլ գումարներ բյուջեից չեն հատկացվում։ Նշենք, որ ըստ պետբյուջեի, միայն աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների վճարումների համար ամսական անհրաժեշտ է 19,5 միլիարդ դրամ»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG