Մատչելիության հղումներ

Կառավարությունը առայժմ չի պատրաստվում վերանայել բյուջեն


Կառավարությունը առայժմ չի պատրաստվում վերանայել 2009 թվականի բյուջեն` չնայած տնտեսական անբարենպաստ զարգացումներին, լրագրողներին այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ես կարծում եմ վաղաժամ է դրա մասին խոսել: Մենք իրականացնում ենք ծախսերի վերաբաշխում ըստ եռամսյակների: Առաջին եռամսյակում մեր վարքագիծը լինելու է` աշխատել խիստ տնտեսման ռեժիմում, իրականացնել առաջնահերթ նշանակություն ունեցող ծախսեր, իսկ կապիտալ ծախսերը հետաձգել վերջին եռամսյակ», - ասաց Տիգրան Սարգսյանը:

«Կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի տնտեսական աճ մենք կունենանք, ապագայում կկողմնորոշվենք», - հավելեց վարչապետը:

2009 թվականի պետբյուջեն, որը հասնում է 945,5 միլիարդ դրամի, կազմվել է, որպես հիմք ունենալով այն կանխատեսումը, թե այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 9 տոկոս, մինչդեռ, մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, այդ 9 տոկոս աճի ցուցանիշը չափազանց լավատեսական է:

Հունվարին Հայաստանի համախառն ներքին արդյունքը, նախորդ տարվա համեմատ նվազել էր 0.7 տոկոսով: Կառավարության հրապարակած տվյալների համաձայն, բյուջեի եկամուտները այդ նույն ժամանակահատվածում պակասել են շուրջ 13 տոկոսով, ինչը հարցականի տակ է դնում բյուջեի կատարողականը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG