Մարտի 10-ին դատարան էր ներկայացվել Ստեփան Ոսկանյանի դիմումը` դատական նիստերը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ պաշտպանը մարտի 11-ից 13-ը մասնակցելու էր Վրաստանում նշանակված մեկ այլ դատական նիստի: Այդուհանդերձ, այսօր դատարանը արձանագրեց, որ պաշտպանը պատշաճ կերպով նախօրոք չի տեղեկացրել հնարավոր բացակայության մասին եւ դատարանը նրան չի թույլատրել բացակայել:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ այս բացակայությունը պաշտպանության կողմից դատավարությունը ձգձգելու փորձ է եւ միջնորդություն ներկայացրեց` փաստաբանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ:
Մեղադրող կողմի միջնորդությունը քննարկելով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց. - «Փաստաբան Ստեփան Ոսկանյանի նկատմամբ պետք է կիրառվի դատական սանկցիա` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ»:
Այնուհետեւ դատավորը նիստը հետաձգեց մինչեւ վաղը` մարտի 12-ը:
Դատավորի որոշումը հարուցեց պաշտպան Հովիկ Արսենյանի դժգոհությունը:
«Փաստաբանական պալատը խաղալիք չէ, որ նման որոշում կայացնի: Նա [Ստեփան Ոսկանյանը] դիմում ուներ այսօրվա համար», - հայտարարեց պաշտպանը:
Տաթեւիկ Լազարյան