Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը եւ հանդես գալ որպես երաշխավոր»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. մենք դեմ ենք հակամարտության կողմերին դրսից ինչ-որ դեղատոմսեր պարտադրելուն», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Մենք ելնում ենք նրանից, որ տվյալ հիմնախնդրի կարգավորման հարցում գլխավոր պատասխանատվությունը ընկնում է հենց ադրբեջանցիների եւ հայերի վրա: Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ այն դեպքում, եթե այդպիսին ձեռք բերվի` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր», - «Թրենդ» գործակալության վկայությամբ` ասել է Լավրովը: - «Մեր կարծիքով, կենսունակ կլինի հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկաս վերադարձնել կայունությունը եւ խաղաղությունը, իսկ հետհակամարտային փուլում կօգնի պահպանել ուժերի` պատմականորեն ձեւավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, չի հանգեցնի դրա վերածմանը միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության ասպարեզի»:

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած հռչակագրին` Ռուսաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ «այդ փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի, նախ եւ առաջ, այն իմաստով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հաստատեցին քաղաքական կարգավորման համաձայնեցումն ավարտելու նպատակով իրենց երկկողմ հանդիպումները շարունակելու մտադրությունը»:

«Պատահական չէ, որ 2008 թվականի նոյեմբերի 2-ի եռակողմ հանդիպման արդյունքները հզոր աջակցություն ստացան նույն տարվա դեկտեմբերին Հելսինկիում կայացած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում, ընդ որում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այդ նիստի «լուսանցքներում» Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին փոխանցեցին կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված հավելյալ առաջարկներ` ի զարգացումն Մոսկովյան հռչակագրի դրույթների», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Նրա համոզմամբ, այն փաստը, որ վերջերս Ցյուրիխում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, «վկայում է, որ փաստաթուղթը [Մոսկովյան հռչակագիրը] արդեն աշխատում է կարգավորման օգտին»:

2008 թվականին Ռուսաստանի կողմից Հայաստանին մոտ 800 միլիոն դոլարի զենքի եւ ռազմական տեխնիկայի ենթադրյալ մատակարարման վերաբերյալ ադրբեջանցի լրագրողների հարցին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հակադարձել է. - «Մենք արդեն քանիցս պատասխանել ենք այդ հարցին. Ռուսաստանը Հայաստանին չի փոխանցել զենք եւ զինտեխնիկա Գյումրիի 102-րդ ռազմակայանից, ինչպես հունվարի 8-ին հաղորդել էին Ադրբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցները: Ցավում ենք, որ այդ հրապարակումը, որը այլ բան չէ, քան տեղեկատվական դիվերսիա, այդչափ հեշտ գտավ իր «հասցեատերերին» Ադրբեջանում: Չեմ կարծում, թե որեւէ լրացուցիչ հետաքննության անցկացման անհրաժեշտություն կա, քանի որ բոլոր հայտարարությունները, որոնք ռուսական կողմը արել է դիվանագիտական ուղիներով, հիմնվում են փաստերի եւ ռուսաստանյան ռազմական ղեկավարության` կասկածների տեղ չթողնող եզրակացությունների վրա»:

Հասկանալի համարելով ադրբեջանական կողմի ուշադրությունը տվյալ թեմայի նկատմամբ` «հաշվի առնելով բարդ իրավիճակը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում», Լավրովը հավելել է. - «Միաժամանակ, վստահ ենք, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ վստահության բավարար պաշար ունեն, որպեսզի նման կեղծիքները չկարողանան խանգարել մեզ` զարգացնելու ռազմավարական համագործակցություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG