«Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում Գուլուզադեն ասել է. - «Եթե Հայաստանը վերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: Դա կնպաստի նաեւ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»:
Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Գուլուզադեն նշել էր, թե նույնիսկ փակ սահմանի պայմաններում հայ - թուրքական հարաբերությունները զարգանում են: Ադրբեջանցի պաշտոնաթող դիվանագետի խոսքերով` դա նախեւառաջ տնտեսական հարաբերություններին է վերաբերում: «Անցած տարի Վրաստանի տարածքով Հայաստան է մուտք գործել 11 հազար 300 թուրքական բեռնատար: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2008-ին հասել է 185 միլիոն դոլարի», - ասել էր Գուլուզադեն` հավելելով, թե այս ամենի ֆոնին, փակ սահմանի առկայությունը պարզապես անտրամաբանական է:
«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ չի վնասի Ադրբեջանի շահերին: Այսքան ժամանակ սահմանը փակ է, հարաբերությունները սառեցված են, բայց դրանից մենք որեւէ օգուտ չենք քաղել: Հիմա էլ, երբ Հայաստանը կարգավորում է հարաբերությունները տարածաշրջանային լուրջ դերակատարություն ունեցող` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, դա մեր երկրի համար կարող է շատ օգտակար լինել», - նշել է Վաֆա Գուլուզադեն:
Հայաստանի եւ Թուրքիայի` 1993 թվականի գարնանը փակված սահմանի ապաշրջափակման հստակ ժամկետների վերաբերյալ ադրբեջանցի փորձագետը կարծիք է հայտնել, որ «հայ - թուրքական սահմանի հարցը կլուծվի, հնարավոր է, որ դա տեղի ունենա մինչեւ տարեվերջ»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա