Մատչելիության հղումներ

«Էյչ Էս Բի Սի»-ի վերլուծաբանները Հայաստանի համար 2009-ին կանխատեսում են զրո տոկոս տնտեսական աճ


«Էյչ Էս Բի Սի Բանկ»-ի տնտեսագետ վերլուծաբանները Հայաստանի համար այս տարի կանխատեսել են զրո տոկոս տնտեսական աճ: Նման ցուցանիշը, ըստ «Էյչ Էս Բի Սի Բանկ - Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի, դրական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ բանկի գործընկեր երկրներից, օրինակ, Ռուսաստանի համար կանխատեսվել է համախառն ներքին արդյունքի նվազում 3 տոկոսով, Ղազախստանի համար` 2,5, իսկ Ուկրաինայի համար` 9 տոկոսով:

Այս առումով միակ շահող երկիրը, ըստ «Էյչ Էս Բի Սի»-ի վերլուծությունների, Վրաստանն է, որտեղ բազմաթիվ ներդրումներ են նախատեսվում Եվրամիության դոնոր երկրների կողմից:

Եթե 2008 թվականի ավարտին Հայաստանում արձանագրվել է 5-5,2 տոկոս ինֆլյացիա, ապա այս տարի, «Էյչ Էս Բի Սի Բանկ - Հայաստան»-ի կանխատեսումներով, ինֆլյացիան կհասնի 10-12 տոկոսի:

Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Թիմ Սլեյթերը, այդ սպասումները պայմանավորված են երկու հիմնական գործոններով` դրամի արժեզրկում, որը հանգեցնում է ներմուծվող ապրանքների գների աճի, եւ վառելիքի թանկացում:

Չնայած դրան, Թիմ Սլեյթերը գտնում է, որ «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը կնպաստի Հայաստանի տնտեսությանը:

«Էյչ Էս Բի Սի Բանկ - Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի գնահատմամբ` այս տարի դժվար է լինելու բանկային համակարգի համար: Չնայած դրան, Սլեյթերը հավաստիացրեց, թե պատրաստ են դիմակայել դժվարություններին:

Բանկի ղեկավարի փոխանցմամբ` այս տարի դրամային վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ կլինի, իսկ դոլարով եւ այլ արտարժույթով վարկերի տոկոսադրույքները կմնան անփոփոխ կամ նույնիսկ կնվազեն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG