Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյան. «Երկրում առկա վստահության ճգնաժամը թեւակոխեց նոր փուլ»


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` ստեղծված «քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից» երկիրը դուրս բերելու համար:

«Հայաստանն այլեւս չի հանդուրժելու վստահություն չներշնչող այս իշխանությունների տնտեսական եւ քաղաքական գործունեության անթափանցիկությունը: Ի վերջո ժամանակն է, որ իշխանությունները կառավարեն, այլ ոչ թե իշխեն», - երեկ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:

«Ժառանգության» գնահատմամբ` «իշխանությունները գործնականում չեն տիրապետում իրավիճակին, տապալել են նաեւ իրենց իսկ հռչակած` ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը, պետական բյուջեի կատարումը»:

Երեկ տարածած հայտարարությամբ, Ազգային ժողովի միակ ընդդիմադիր կուսակցությունը «իշխանություններից եւ գործող նախագահից պահանջում է արմատապես փոխել երկրի կառավարման եղանակը եւ առաջարկում կոնկրետ քայլեր` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ»:

Կուսակցությունը, մասնավորապես, առաջարկում է «անհապաղ ազատ արձակել քաղաքական շարժառիթներով հետապնդվող քաղաքացիներին եւ բացահայտել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործությունները, ինչը կմեղմի առկա ճգնաժամի բաղադրիչներից մեկը` քաղաքական լարվածությունը»:

Սոցիալական լարվածությունը հաղթահարելու համար «Ժառանգություն»-ը առաջարկում է. - «Ազգային ժողովի անհապաղ վերանայմանը ներկայացնել պետբյուջեն` ավելացնելով պետական աջակցության ենթակա սոցիալական խավի շրջանակները, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար հավելյալ հարկային ու մաքսային արտոնություններ սահմանել, ավելացնել գյուղացիական անհատական տնտեսությունների պետական սուբսիդավորումը»:

Բյուջեի հարկային մուտքերն ավելացնելու համար որպես աղբյուր «Ժառանգություն»-ը, ի թիվս այլ քայլերի, մատնանշում է «պրոգրեսիվ հարկման համակարգի» ներդրումը եւ խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելու անհրաժեշտությունը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG