«Խանութները, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ իրավասու են ինքնուրույն սահմանել ցանկացած գին: Դա իրենց իրավասությունն է: Որեւէ պետական մարմին` լինի դա Աշոտ Շահնազարյանի հանձնաժողովը կամ այլ` ավելի բարձր կարգի պետական մարմին, իրավասու չէ խանութին ստիպել, պարտադրել իջեցնել գները կամ բարձրացնել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մասամբ հետեւանք է տնտեսական գործոնների ազդեցության, մասամբ հետեւանք է շուկայում գերիշխող դիրք գրավողների կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահման: Այստեղ հանձնաժողովը անելիքներ շատ ունի»:
Ավագյանի կարծիքով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասություններն ու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն. - «Որովհետեւ առաջին դեպքը չէ, երբ շուկայում աժիոտաժ է ստեղծվում, եւ մենաշնորհ դիրք գրավողները չարաշահում են իրենց դիրքը եւ գները բարձրացնելու հաշվին գերշահույթներ են ստանում: Հանձնաժողովի հնարավորությունը ազդելու նրանց վրա, այդքան էլ մեծ չէ: Վարչական լծակների կիրառման գործընթացը դեռ նոր սկսվում է. թե ինչ ընթացք կստանա, մենք չգիտենք: Ելնելով նախորդ ժամանակաշրջանի փորձից` էական շտկումներ կամ էական միջամտություններ չեն սպասվում: Լավագույնը, որ կարողանում է հանձնաժողովը անել, այս կամ այն տնտեսվարողին տուգանելն է ոչ մեծ չափերով»:
Գների հնարավոր նվազման վերաբերյալ Ավագյանը ասաց. - «Գների ճշգրտումները անխուսափելի են, ու հիմա` տվյալ պահին, դրանք բացառապես կախված են դրամ-դոլարի փոխարժեքի շարժից: Այս պահին նկատվում է դոլարի որոշ արժեզրկման միտում, որը մենք սպասում էինք, ու, հնարավոր է, որ դա զսպող ազդեցություն ունենա գների հետագա աճը կանխելու կամ որոշ ապրանքների գծով նույնիսկ նվազման հանգեցնելու [առումով]` եթե բացասական սպասումները վերանան: Բայց եթե փոխարժեքի շուկան ընկնի ուժեղ տատանումների շրջան, որը նույնպես չի բացառվում, գների աճը անխուսափելի կլինի, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ տնտեսվարողները միշտ սահմանում են առավելագույն մակարդակի գինը, որի դեպքում իրենց վնասները բացառվում են»:
Հովհաննես Շողիկյան