Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը բացասական է գնահատում Գագիկ Բեգլարյանի նշանակումը


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը «քաղաքական առումով» բացասական է գնահատում Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում:

«Գագիկ Բեգլարյանի նշանակումով ուզում են վարչական բոլոր հնարավորություններն ուժեղացնել, որպեսզի [Երեւանի ավագանու եւ քաղաքապետի] ընտրությունների ժամանակ առավելագույնս կառավարելի լինեն բոլոր պաշտոնյաները: Սա մի լծակ է, որն օգտագործելու են ընտրությունների ընթացքը կեղծելու, շտկելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հավելեց. - «Ես կարծում եմ, որ առաջին հերթին Գագիկ Բեգլարյանի համար դա լավ չէ: Կարծես թե կասկած կա, որ եթե նա գնար բոլորի հետ հավասար ընտրությունների, իր հաղթելու հավանականությունը ավելի քիչ կլիներ»:

«Ժառանգության» պատգամավորները հայտնեցին, որ կուսակցությունը առայժմ չի որոշել, թե Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններին ո՞վ կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը` նշելով, որ իրենք հակված են ընդդիմադիր ողջ հատվածի` միասնական թեկնածուով հանդես գալուն:

Մարտի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Գագիկ Բեգլարյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ: Ավելի վաղ` փետրվարի 28-ին ՀՀԿ-ի խորհրդի նիստը հաստատեց Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Բեգլարյանը:

Մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններում ընտրողների քվեների կեսից ավելին հավաքած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ: Իսկ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG