Մատչելիության հղումներ

«7-ի գործով» վկայի համար ցուցմունքը փոխելը «զուտ բարոյական խնդիր էր»


«Սովորական, հասարակ մարդ եմ ես, ժողովրդի մի մասնիկն եմ, ու պիտի ես ճիշտը ասեմ, չէ՞: Ինչո՞ւ թաքցնեմ ու ճիշտը չասեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում այսօր ասաց «7-ի գործով» վկաներից Ռոբերտ Բաղդասարյանը, ով երկու օր առաջ դատարանում փոխել էր իր ցուցմունքը:

Բաղդասարյանը, ով 2008-ի մարտի 1-ի երեկոյան հրազենային վնասված էր ստացել, սկզբում ասել էր, թե իր վրա, հնարավոր է, որ ամբոխի կողմից են կրակել, հիմա ասում է, որ ոստիկաններն են իր վրա կրակել:

Նախաքննության ընթացքում` մայիսի վերջին, նրանից ցուցմունք է վերցրել Հատուկ քննչական ծառայության քննիչը, որի միայն անունն է հիշում` Սերժ:

«Պառկած էի, ոտքս դեռ գիպսի մեջ էր: Պետք էր այդ պահին տենց ցուցմունքը գրվեր` իրենց ձեւով, հետո ես որոշել էի, որ պիտի ցուցմունքս փոխեմ: Այդ պահին առողջական պրոբլեմներ ունեի, ցանկանում էի այդ պրոբլեմները լուծելուց հետո նոր անցնեմ դրան», - պատմեց նա: - «Ես ցուցմունքը գրում էի` ուղղակի օգնելով, կամ, որտեղ որ պետք էր` իրանց ձեւով: Դե նախադեպերի հիման վրա հետո ես զգացել եմ, որ պետք էր` այդպես գրվելը»:

Ռոբերտ Բաղդասարյանը հրազենային վնասվածք էր ստացել աջ ոտքին Պարոնյանի եւ Լեոյի փողոցների խաչմերուկում, այդ գիշերվա մասին պատմեց հետեւյալը. - «Կազմակերպչական ոչինչ չեմ նկատել... Անկազմակերպ, ինքնաբուխ ժողովրդի զայրույթն էր, բողոքի ալիք էր բարձրացել: Ես դա եմ նկատել»:

«Ես չեմ տեսել ինձ վրա կոնկրետ ով կրակեց: Բայց, քանի որ ես հարվածը ստացել եմ դիմացից, աջ ոտքիս աջ կողմից, դիմացը ժողովուրդ չի եղել, դիմացը ժողովուրդ չէր կարող լինել», - շարունակեց նա: - «Համենայն դեպս, ոստիկանական համազգեստով է եղել կրակողը... կարող է ոստիկան չի եղել, մի հատ օլիգարխի ախրաննիկ է եղել: Ես չեմ կարող ասել, ես այդ մարդուն չեմ տեսել: Բայց` որ դիմացից է եղել կրակոցը, եւ դիմացում եղել են ոստիկանները, դա հաստատ»:

Բաղդասարյանը ասաց, որ դատարանում ցուցմունքը փոխելուց հետո իր վրա ճնշումներ չեն եղել` հավելելով, այդուհանդերձ. - «Չնայած ես մտավախություն ունեմ, որ ճնշումներ կլինեն` [ելնելով] նախադեպերից, նորից, որ մեր իրականությանը այս պահին Հայաստանում այնպիսի վիճակ է ոստիկանական, որ ճնշումներ մտածում եմ, որ կլինեն` տրամաբաներոն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG