Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կշարունակի քաղաքական եւ գործնական աջակցությունը Վրաստանին


Եվրամիությունը հորդորում է Վրաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին երեկ երեկոյան Վրաստանի նորանշանակ վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

«Եվրամիությունը ցույց է տալիս, որ շարունակում է պատրաստակամ մնալ Վրաստանին քաղաքականապես եւ ֆինանսապես աջակցելու հարցում», - հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ու ընդգծել, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստ է նաեւ «շտապ» ֆինանսական օգնություն տրամադրել Թբիլիսիին:

Օժանդակության կոնկրետ ծավալների մասին չի հաղորդվում, սակայն պաշտոնական աղբյուրները նշում են, որ այժմ քննարկվում է Եվրամիության կողմից Վրաստանին հավելյալ 100 միլիոն դոլար տրամադրելու հնարավորությունը` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետեւանքները վերացնելու համար:

«Եվրամիությունը ցանկանում է շարունակել ամուր քաղաքական եւ գործնական աջակցությունը Վրաստանին` նրա առջեւ կանգնած մի շարք լուրջ մարտահրավերները հաղթահարելու համար», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները եւ ընդգծել. - «Մենք կշարունակենք, անշուշտ, աջակցությունը նաեւ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում»:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հավաստմամբ` պաշտոնական Բրյուսելը հաստատակամ է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում:

«Մենք չենք ընդունում այդ շրջանների անկախությունը, մեզ համար դրանք վրացական տարածքներ են, սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ», - հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները: - «Ամենակարեւորն այն է, որ Ժնեւում` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կազմակերպվող բանակցություններում, համաձայնեցվեն նոր բախումներից խուսափելու եւ խնդիրը կարգավորելու մեխանիզմները: Սակայն, որքան ինձ հայտնի է, այդ նպատակը դեռեւս լիովին իրականացված չէ»:

Եվրամիության հանձնակատարը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ Թբիլիսի կատարած այցի ժամանակ ստորագրել է համաձայնագիր Վրաստանին հավելյալ 500 միլիոն եվրո օգնություն տրամադրելու մասին` օժանդակություն, որը, ի թիվս այլ խնդիրների, հատկացվում է նաեւ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումները ընդլայնելու, ինչպես նաեւ տեղահանված անձանց վերադարձնելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG