Երեկ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քայլ Սքոթի հրապարակած հայտարարությունում համանախագահները կողմերին կոչ են արել անշեղորեն պահպանել հրադադարը եւ խորը ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ 2008 թվականի ընթացքում հրադադարի խախտումների հետեւանքով զոհվել է ավելի քան 30 եւ վիրավորվել ավելի քան 50 մարդ:
«Մենք խստագույնս դատապարտում ենք մոնիտորինգի ընթացքում հրադադարի խախտումը` հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեղացի հրամանատարները անվտանգության գրավոր երաշխիքներ են տվել փետրվարի 26-ի մոնիտորինգից առաջ», - Վիեննայից ԵԱՀԿ-ի մամուլի կենտրոնից երեկ ուշ երեկոյան ստացված հաղորդագրության համաձայն` ասված է հայտարարությունում: - «Մենք կողմերից պարզաբանումներ ենք պահանջում առ այն, թե ինչպես կարող էր պատահել հրադադարի այդ աստիճան աղաղակող խախտումը»:
Ղարաբաղյան կարգավորման միջնորդները ափսոսանք են հայտնում, որ «ոչ բոլոր կողմերն են ընդունել շփման գծից նշանառուներին ետ քաշելու մասին 2008 թվականի դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդում Մինսկի խմբի ներկայացրած առաջարկը»:
«Մենք մեր լիակատար աջակցությունն ու հիացմունքն ենք հայտնում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ու նրա թիմին եւ ընդգծում ենք շփման գծում մոնիտորինգի կարեւորությունը` որպես կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոց», - ասված է հայտարարությունում:
ԵԱՀԿ-ի առաքելության կողմից իրականացվող հերթական մոնիտորինգը փետրվարի 26-ին խափանվել էր` կրակոցների պատճառով: Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` մոնիտորինգի հենց սկզբից ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ-ի առաքելության, Ղարաբաղի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների ուղղությամբ: Դրանից հետո ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարգադրել էր դադարեցնել մոնիտորինգը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե կրակոցները հնչել էին հայկական կողմից:
Արմեն Քոլոյան, Պրահա