Նախաձեռնության հեղինակները` Միացյալ ընդդիմությունը եւ Պահպանողական կուսակցությունը, ակնկալում են մեկ շաբաթում հավաքել միլիոնավոր ստորագրություններ, ինչից հետո, նրանց խոսքերով, կա’մ Սահակաշվիլին ստիպված կլինի հրաժարական տալ, կա’մ գոնե իշխանությունները չեն համարձակվի խոչընդոտել ապրիլի 9-ից սկսվող հանրահավաքները:
Հանրահավաքային շարժմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած ուժերը: Նրանք բազմահազարանոց ցույցեր են ակնկալում:
Դեռեւս իր անելիքները չի հրապարակել ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի գլխավորած «Դաշինք հանուն Վրաստանի շարժումը», թեեւ լրատվամիջոցները հավանական համարում են հանրահավաքային շարժմանը նրա մասնակցությունը եւս:
Այսօր լրանում է Միխեիլ Սահակաշվիլիին Ալասանիայի ներկայացրած վերջնաժամկետը. փետրվարի 23-ին նա նախագահին 10 օր ժամանակ էր տվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը հանրաքվեի դնելու համար` հայտարարելով, որ պահանջը չկատարելու դեպքում իրենք կարող են կտրուկ քայլերի դիմել: Սակայն երկրի նախագահը չարձագանքեց ո’չ այս պահանջներին եւ ո’չ էլ հրաժարականի կոչերին:
Իրակլի Ալասանիան այժմ Բրյուսելում հանդիպում է Եվրամիության պաշտոնյաների հետ: Ըստ հաղորդագրությունների` Վրաստանում ստեղծված իրավիճակը նա քննարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ: Ակնկալվում է, որ Թբիլիսի վերադարձից հետո «Դաշինք հանուն Վրաստանի» շարժման ղեկավարը կհայտարարի իր հետագա ծրագրերի մասին:
35-ամյա Իրակլի Ալասանիան համարվում է երկրի նախագահի ամենաբարձր վարկանիշ ունեցող հավակնորդներից մեկը: Նա անցած տարվա դեկտեմբերի սկզբին հրաժարական տվեց ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնից` վկայակոչելով Սահակաշվիլիի հետ տարաձայնությունները, եւ անցավ ընդդիմադիր դաշտ:
Բարձր է նաեւ Նինո Բուրջանաձեի վարկանիշը: Խորհրդարանի նախկին խոսնակը, սակայն, ի տարբերություն Ալասանիայի, առայժմ ուղղակիորեն չի հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու հավակնությունների մասին, բայց եւ չի բացառել նման հնարավորությունը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա