Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը «գների չարաշահումներ չի տեսնում»


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր մոնիտորինգ է անցկացրել առեւտրի կենտրոններում եւ պարզել, որ հիմնական ապրանքատեսակները չեն թանկացել, շատ խանութներում գնային փոփոխություններ չեն եղել: ՏՄՊՊՀ-ը այսօրվա գների մեջ չարաշահումներ չի տեսնում:

«Մենք ունենք ազատականացված դրամ-դոլար հարաբերակցություն, որտեղ 20-22 տոկոս աճ է եղել, իսկ գների աճի միտումը ավելի ցածր է: Այսօրվա գների մեջ չարաշահում ես չեմ տեսնում», - լրագրողներին այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Ըստ հանձնաժողովի` ընդամենը 10-12 տոկոսով թանկացել են առաջին անհրաժեշտության 4-5 տեսակի ապրանք:

«Ձեթը, կարագը, բենզինը` 50 դրամի չափով, շաքարավազը` 220 դրամից դարձել է 250 դրամ», - նշեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:

Մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, թե շաքարավազի գինը որոշ խանութներում հասնում է 300 դրամի, Շահնազարյանը ասաց. - «Եթե դուք կտեսնեք, որ խանութ կա` 300-ից ավելի է, մի գնեք, այդ խանութ մի մտեք: Կողքի խանութում 250 դրամ է: Ի լուր հայ ազգի հայտարարում եմ` 250 դրամից ավելի մի գնեք»:

ՏՄՊՊՀ-ը հացի թանկացման որեւէ դեպք չի արձանագրել, սակայն այսօր որոշ խանութներում հացը թանկացել էր 50 դրամով: Մեկնաբանելով այս փաստը, ՏՄՊՊՀ-ի նախագահը պնդեց, որ հացի թանկացման երեւույթ չկա:

«Եթե այդ խանութում 50 դրամ ավելի է, գնեք այն խանութից, որտեղ թանկացում չկա: Եթե դուք կգտնեք, որ իմ ասած տիրույթներից ավելի բարձր է, կարող եք մեզ տեղեկություն տալ», - նշեց Շահնազարյանը:

Քանի որ ՏՄՊՊՀ-ը գներ սահմանելու իրավասություն չունի, հանձնաժողովը ընդամենը պետք է հետեւի, որ գների բարձրացումը հիմնավորված լինի, պարզաբանեց Աշոտ Շահնազարյանը:

ՏՄՊՊՀ-ի նախագահը նշեց, որ այն առեւտրի կետերը, որոնք չհիմնավորված կերպով բարձրացրել են գները, հանձնաժողովի կողմից զգուշացվել են, եւ «եթե իրենց գործելաոճը չփոխեն հանձնաժողովը նրանց դեմ վարույթներ կհարուցի»:

Աշոտ Շահնազարյանը նաեւ հայտարարեց. - «Այսօր կանխարգելիչ միջոցառումներ ենք ուզում անել: Մեր ժողովրդին ասենք, որ աժիոտաժ չկա, պետք չէ այդքան ապրանքներ գնել, պետք չէ շտապել, ոչինչ չի փոխվելու: Ապրանքները պահանջարկից տասնապատիկ ավելի պահեստավորված կա Հայաստանի Հանրապետությունում: Դեֆիցիտ չի լինելու, եւ առաջիկա մի քանի ամիսներում ամեն ինչ կա ներմուծված եւ պահեստավորված»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG