Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների դատախազը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով այսօր պաշտոնանկ է արվել մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալեքսան Անդրեասյանը, ում որդին վերջերս մասնակցել էր Երեւանի կենտրոնում կատարված հանցագործությանը:

«Նույն օրվա մի քանի այլ հրամաններով կատարվել են փոխատեղումներ, եւ Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների դատախազ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը` ազատվելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից», - հավելեց Տռուզյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի պաշտոնանկությունը, Գլխավոր դատախազի խոսնակը պատասխանեց. - «Կենտրոն համայնքի տարածքում արձանագրվել էր ծանր մարմնական վնասվածքի պատճառմամբ հանցագործության դեպք, որի շրջանակներում շոշափվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի որդու անունը»:

Նշված հանցագործության քննությունը իրականացվում էր Կենտրոնի ոստիկանությունում, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում էր Ալեքսան Անդրեասյանը, ինչի իրավունքը նա չուներ: Ըստ օրենքի, նա պետք է այդ հանցագործության մասին զեկուցեր Գլխավոր դատախազություն, եւ գործի քննությունը Կենտրոնի ոստիկանության վարույթից տեղափոխեր մեկ այլ քննչական վարչության վարույթ:

Գլխավոր դատախազի ցուցումով, նշված գործը այժմ տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG