Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, «կառավարության ռեսուրսը, մեր պետության իմիջի ռեսուրսը, նախագահի քաղաքականության ռեսուրսը» այնքան մեծ է, որ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ են Հայաստանին մինչեւ 1 միլիարդ դոլարի աջակցության տրամադրել:
«Դրան գումարեք կես միլիարդ դոլար ռուսական կառավարության կողմից: Այսինքն` ապաշնորհ կառավարություններին նման տեսակի գումարներ չեն հատկացնում»,- «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Աշոտյանը:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը «ժամանակավրեպ» է համարում:
«Այն, որ կառավարությունը արդյո՞ք կարող էր կանխատեսել կամ ավելի լավ քաղաքականություն վարել, միշտ էլ կարելի է ասել` այո: Բայց իրականությունն այն է, որ նույնիսկ մի շարք միջազգային կազմակերպություններ այսօր չեն կարողանում կանխատեսել վաղվա օրը», - նշեց Մինասյանը:
Ռուբեն Մելոյան