ՍԹԱՐ ընկերության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ընկերության այս քայլն ուղղված է կանխելու առաջացած տագնապն ու իրարանցումը:
«Մենք ուզում ենք հասկանալ շուկայում տիրող իրավիճակը եւ օպերատիվ բանակցություններ վարել մատակարարների եւ պետական մարմինների հետ», - մեկնաբանել է ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
«Մենք մեր հաճախորդներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին հանգստության կոչ ենք անում», - նշված է հաղորդագրությունում:
Օրվա երկրորդ կեսին Երեւանի որոշ խանութներում նկատելի աշխուժությամբ առեւտուր էր ընթանում: Աստեղից մարդիկ դուրս էին գալիս ծանր տոպրակներով:
«Շտապում ենք առեւտուր անել, որովհետեւ գիտենք, որ վաղը, մյուս օրը բոլորը թանկացնելու են, չնայած էլի են թանկացրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին:
«Մեկ ժամվա մեջ ոնց կարող է` առանց ժողովրդին նախազգուշացնելու, այս վիճակը լինի», - դժգոհեց մեկ այլ գնորդ: - «Ինձ զանգահարել է ընկերուհիս [Երեւանի] ծայրամասից եւ զգուշացրել է, որ անգամ ծայրամասերում այս վիճակն է: Ինձ արդեն զանգեր են եղել, ասել են արագացրու, շուտ արա, առեւտուր արա, որովհետեւ խանութներում ոչ մի բան չի մնում», - նշեց նա:
Գնորդները վկայեցին, որ որոշ խանութներում ապրանքների գները բարձրացել են անգամ իրենց առեւտուր անելու ընթացքում:
«Կասսայի առջեւ կանգնեցրել են, ապրանքը չեն կասսա մուտքագրել` ասելով, որ գները բարձրանում են», - պատմեց նրանցից մեկը:
Ըստ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո հաղորդագրության` հանձնաժողովը «խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները»:
Հանձնաժողովը նաեւ դիմել է «տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ գների չհիմնավորված բարձրացումներից»:
«Շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի արձագանքը չի ուշանա», - վստահեցել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Անուշ Մարտիրոսյան