Մատչելիության հղումներ

Հայերից ներողություն խնդրելու արշավի հեղինակներին կարող են քրեական հետապնդման ենթարկել


Թուրքական դատարանը իր երեկվա վճռով հնարավորություն է տվել քրեական վարույթ սկսել 1915-17 թվականների իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների եւ դրան միացողների դեմ:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Անկարայի Շինչան արվարձանի դատարանը բեկանել է դատախազության հունվարի 26-ի որոշումը, համաձայն որի` ինտերնետային արշավի փաստով մեղադրանքներ առաջադրելը կհակասեր խոսքի ազատության վերաբերյալ օրենսդրությանը:

Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ դատարանի երեկվա որոշումը հնարավորություն է տալիս քրեական վարույթ հարուցել դեկտեմբերի 15-ին մեկնարկած ինտերնետային արշավի կազմակերպիչների դեմ:

Շուրջ 200 թուրք մտավորականներ ինտերնետում տեղադրած հայտարարությամբ հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 29 հազարից ավելի մարդ:

Հունվարին Անկարայի մի շարք բնակիչներ գանգատ էին ներկայացրել դատախազությանը` պահանջելով պատժել նախաձեռնության հեղինակներին «թուրք ազգի բացահայտ վարկաբեկման» համար, ինչը երկրի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով պատժվում է մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ:

Անկարայի նահանգային դատախազությունը, սակայն, որոշել էր, որ քրեական հետապնդում սկսելու իրավական հիմքեր չկան, քանի որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքներ արտահայտելը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG