Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ. «Կոնգրեսականները գիտեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը Կալիֆորնիայում բնակվող հայությանը հերթական անգամ հավաստիացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղված աշխատանքը շարունակվում է:

Կալիֆորնիայի 29-րդ ընտրատարածքը ներկայացնող կոնգրեսական Շիֆը, ով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ է, իր գործընկերներ Ջիմ Կոստայի եւ Դենիս Կարդոզայի հրավերով երեկ այցելել է Ֆրեզնո, որտեղ քննարկել է Սան Խոակին հովտում ի հայտ եկած ջրի մատակարարման ճգնաժամի հարցը:

The Fresno Bee պարբերականի փոխանացմամբ` Ադամ Շիֆին Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդ են հրավիրել քննարկելու ստեղծված վիճակը, քանի որ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն է հաստատում ճանապարհների եւ ջրամատակարարման համակարգերի սպասարկման ու կառուցման տարեկան ֆինանսավորումը:

Քննարկումներից հետո Ադամ Շիֆը Ֆրեզնոյում հանդիպել է Կալիֆորնիայի Հայ դատի հանձնախմբի շուրջ 75 ներկայացուցիչների հետ եւ հավաստիացրել, որ անպայման նորից կներկայացնի ցեղասպանության ճանաչման օրինագիծը, հավելելով, թե պետք է պատրաստ լինել այն բանին, որ Թուրքիան, իր հերթին, լոբբիստական թեժ արշավով կփորձի հակազդել դրան:

Ադամ Շիֆն ասել է, թե «գործնականում բոլոր կոնգրեսականները գիտեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է», եւ ակնարկելով նախորդ վարչակազմի օրոք Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին «Հայոց ցեղասպանություն» հասկացությունը կիրառելու համար աշխատանքից ազատելու հանգամանքը` ասել է, որ Բարաք Օբաման դեմ էր այդ պաշտոնանկությանը:

The Fresno Bee-ի փոխանցմամբ` Ադամ Շիֆի հետ հանդիպման ընթացքում հայերն ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծերն ամեն անգամ ձախողվում են, մինչդեռ անցած դարում տեղի ունեցած այլ ցեղասպանությունները ճանաչվում են առանց բարդությունների:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG