Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը այցելում է Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա


Երեկվանից մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ արտասահմանյան շրջագայությունը` Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա:

Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Հիլարի Քլինթոնը փետրվարին մեկնել էր Ասիա` այցելելով Ճապոնիա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա եւ Չինաստան:

Այսօր Հիլարի Քլինթոնը Եգիպտոսում` Շարմ-էլ-Շեյխում մասնակցելու է Գազայի գոտու վերականգնմանը նվիրված դոնոր երկրների համաժողովին:

Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին նա բանակցելու է իսրայելցի եւ պաղեստինցի պաշտոնյաների հետ` այցելելով նախ Երուսաղեմ, ապա Ռամալլահ:

Հինգշաբթի օրը Քլինթոնն արդեն կլինի Բրյուսելում, որտեղ կհանդիպի իր պաշտոնակիցներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից: Քննարկման թեմաներն են պատերազմը Աֆղանստանում եւ Արեւմուտք - Ռուսաստան հարաբերությունները:

Բելգիայից Քլինթոնը կմեկնի Շվեյցարիա, որտեղ Ժնեւում առաջին անգամ կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններին եւ, մասնավորապես, սպառազինությունների կրճատմանը վերաբերող հարցեր:

Շրջագայության վերջին հանգրվանը Անկարան է: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը ասել է, որ Անկարայում Հիլարի Քլինթոնի աշխատանքային օրակարգը շատ հագեցած է լինելու, պետքարտուղարը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ, քննարկվելու է Աֆղանստանի պատերազմի թեման:

Վերլուծաբանները չեն բացառում, որ թուրքական կողմը կարծարծի նաեւ հայ - թուրքական հարաբերությունների եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման:

«Հյուրիեթ» օրաթերթը վկայակոչել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերին, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովում անցած շաբաթավերջին ասել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հասել են մի պատմական փուլի, որն ընձեռում է բարելավման եւ սահմանների բացման հնարավորություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG