Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդգծում է հանքարդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը


Առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունն է ընդգծել նախագահ Սերժ Սարգսյանը «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարության հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը «շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը»:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է Հայաստանում ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաեւ «Գեոպրոմայնինգ»-ի կողմից Հայաստանում նախատեսվող նոր ներդրումային նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունից տեղեկացրել էին, որ hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ միջազգային շուկայում պղնձի գնի անկման հետ կապված` կոմբինատում կրճատումներ են սպասվում, եւ փետրվարի վերջին կհստակեցվի աշխատանքից զրկվողների հստակ վիճակագրությունը: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տեղեկություններով` «1450 աշխատակիցներից, ըստ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կազմած պլանի, մնալու են 370-ը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG