Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը այս տարվա ընթացքում կայցելի Հայաստան


Սիրիան կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը, դրա համար գոյություն ունի համապատասխան քաղաքական կամք եւ բավականին ընդարձակ իրավապայմանագրային դաշտ: Այդ մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը` երեկ ընդունելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է արաբական աշխարհի առաջատար պետություններից մեկի` Սիրիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ եւ ամրապնդմամբ:

Բաշար ալ-Ասադը եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների կարգավորման շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների գործընթացը եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Բաշար ալ-Ասադը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերը` համոզմունք հայտնելով, որ դրանք նպաստում են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը, որը Բաշար ալ-Ասադը ընդունել է` ասելով, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:

Սիրիայի արտգործնախարներ Վալիդ Մուալլիմի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի իշխանությունների կողմից Դամասկոսում Հայաստանի դեսպանատան շենքի տրամադրման մասին:

Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարները ստորագրել են համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջեւ` դիվանագիտական եւ պաշտոնական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս` արաբական աշխարհի առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայկական կազմակերպությունների ղեկավարների, Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների հետ:

Եզրափակելով Միջին Արեւելքի երկրներ` Եգիպտոս, Հորդանան, Լիբանան եւ Սիրիա պաշտոնական այցերը, Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:


(Արտգործնախարարության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Բաշար ալ-Ասադ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG