Մատչելիության հղումներ

Եվրոպացի եւ հայաստանցի իրավապաշտպանները մարտի 1-ի դեպքերի լիակատար քննություն են պահանջում


Բրյուսելում գործող «Միջազգային գործակցություն հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությունը եւ Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը մարտի 1-ի իրադարձությունների առաջին տարելիցի շեմին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք միջազգային հանրությանը կոչ են անում հետամուտ լինել 2008 թվականի մարտյան ճգնաժամի ընթացքում մարդու իրավունքների` Հայաստանում արձանագրված խախտումների «լիակատար եւ հստակ հետաքննության իրականացմանը եւ պատասխանատվության ենթարկել այն բոլոր անձանց, ովքեր ուժի ոչ համաչափ կիրառում եւ այլ չարաշահումներ են թույլ տվել»:

Երկու կազմակերպությունների համատեղ հայտարարությունում նկարագրված են մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները Ազատության հրապարակում, ինչպես նաեւ օրվա երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատանը հարակից տարածքում ծավալված դեպքերը:

«Հստակ է, որ երկու դեպքում էլ ոստիկանության կողմից ուժի կիրառումը համարժեք չի եղել, եւ այդ գործողությունների թիրախը եղել են նաեւ մարդիկ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին հավաքների ազատության իրենց իրավունքը», - ասված է հայտարարությունում:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրականացված ձերբակալություններին եւ դատավարություններին` իրավապաշտպանները շեշտում են. - «Այս դատական պրոցեսները աչքի են ընկնում թե’ ընթացակարգային եւ թե’ հիմնարար խախտումներով, լուրջ մտահոգություն կա, որ մեղադրյալներից շատերը դատապարտվում են քաղաքական դրդապատճառներից ելնելով` նրանց մեղքը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում: Որոշ դեպքերում դատարանները անտեսել են մեղադրյալների այն հայտարությունները, թե խոստովանական ցուցմունքները ճնշմամբ են կորզվել»:

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ձեւավորումը հայտարարությունը ստորագրած իրավապաշտպան կազմակերպությունները պայմանավորում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջ քաշած պահանջներով:

«Եվ քանի դեռ Փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքները նոր պետք է ի հայտ գան, կարող ենք արձանագրել, որ որեւէ անձ ուժի ոչ համաչափ կիրառման կամ այլ չարաշահման համար պատասխանատվության չի կանչվել», - ասված է փաստաթղթում:

Այս ամենի ֆոնին, «Միջազգային գործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունն ու Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը պահանջում են ապահովել Փաստահավաք խմբի անկախ գործունեության հնարավորությունը, ինչպես նաեւ զերծ պահել այս կառույցը ցանկացած տեսակի ճնշումներից:

Բացի այդ, իրավապաշտպանները կոչ են անում պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուներին եւ ազատ արձակել այն մարդկանց, որոնք բանտերում են հայտնել քաղաքական դրդապատճառներով:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG