Մատչելիության հղումներ

«Հիմա» խմբի եւ Մհեր Մանուկյանի համերգը ՀՊՃՀ-ում չկայացավ


«Հիմա բենդ»-ը «Հիմա» ընդդիմադիր երիտասարդական շարժման երաժշտական խումբն է: Միքայել Ազնավուրյանը, ով նշված երաժշտական խմբի անդամ է, «Մաքս Լիբերթի»-ին ասաց. - «Երեկոյան պարզվեց, որ խնդիրներ են ծագել, ինֆորմացիայի արտահոսք է եղել, լրագրողներն իմացել են համերգի մասին, եւ կազմակերպիչը որոշել է չեղյալ հայտարարել համերգը»:

Երգիչ Մհեր Մանուկյանն էլ, ով առավել հայտնի է իր «Ձոն գարնանամուտին» կատարումով, «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, որ պոլիտեխնիկի ակտիվ ուսանողներից մեկը` Էդգար Թամարյանը, համերգով հանդես գալու հրավերով օրեր առաջ դիմել էր իրենց: Հրավերը Մհերն ու «Հիմա բենդ»-ը ընդունել են:

Մհերի խոսքերով` Էդգարը բուհում նման համերգներ կազմակերպելու փորձ ունի, դա փաստեց նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական գծով ռեկտորի օգնական Հայկ Ակարմազյանը:

«Ռեկտորատը եւ բուհի ուսանողական խորհուրդը համերգի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն ունեցել, սովորաբար այդպիսի միջոցառումների մասին ես ի պաշտոնե անպայման տեղյակ եմ լինում», - «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց Հայկ Ակարմազյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Սպարտակ Մամյանը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ իրենք տեղեկություններ չունեն այդ համերգի մասին: Մամյանի կարծիքով` ուսանողներն ինքնուրույն ինչ-որ բաներ են մտածել եւ հետո իրենք էլ որոշել են դադարեցնել. - «Դեկանատը ոչնչից տեղյակ չէ»:

«Հիմա բենդ»-ի անդամ Միքայել Ազնավուրյանի համոզմամբ, սակայն, դեկանատում տեղյակ են եղել համերգի մասին, քանի որ իրենք մոտ մեկ շաբաթ դեկանատից մի քանի քայլ այն կողմ գտնվող լսարաններից մեկում փորձեր են կատարել: «Տեղյակ են անգամ ուսխորհրդի անդամները», - պնդում է Միքայելը:

Ուսանողներից ոմանք համերգի տոմսեր ունեին, սակայն մի մի քանի ժամ առաջ են տեղեկացել, որ այն տեղի չի ունենալու: Ի դեպ, ուսանողները փաստում են, որ ուսանողական խորհրդի անդամներն են իրենց տոմսեր բաժանել:

Ուսանողների վկայությամբ` դեռ մի քանի օր առաջ մասնաշենքի մուտքի ապակուն փակցված էր համերգի մասին հայտարարությունը, որը, սակայն, այսօր չկար:

«Մաքս Լիբերթի»-ն ամբողջ օրը փորձեց կապ հաստատել համերգի կազմակերպիչ Էդգար Թամարյանի հետ, սակայն` ապարդյուն:


Նարինե Ղալեչյան
XS
SM
MD
LG