Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Լիբանան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր վաղ առավոտյան Հորդանանից մեկնել է Լիբանան:

Նախօրեին Էդվարդ Նալբանդյանը Ամմանում հանդիպել է Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է փետրվարի 23-ին) արտգործնախարար Նասեր Ջաուդեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նասեր Ջաուդեն Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամությունն է հայտնել:

Էդվարդ Նալբանդյանը, նշելով երկկողմ գործակցության բնագավառում առկա մեծ ներուժը, կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ծավալումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խթանումը:

Մտքեր են փոխանակվել տուրիզմի եւ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման հնարավորությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ:

Նալբանդյանն ու Ջաուդեն քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգության եւ կայունության ամրապնդման հետ կապված հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:

Էդվարդ Նալբանդյանը հորդանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Ամմանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան Նասեր Ջաուդեն պաշտոնական ընթրիք է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Մերձավոր Արեւելքի տարածաշրջան այցելության շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը երկուշաբթի օրը եղել էր Եգիպտոսում, իսկ Լիբանանից կմեկնի Սիրիա:

(Արտգործնախարարության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Նասեր Ջաուդե)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG