Մատչելիության հղումներ

Նորաստեղծ ընդդիմադիր դաշինքը Վրաստանի նախագահից պահանջում է հանրաքվե նշանակել


ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի գլխավորած «Հանուն Վրաստանի» նորաստեղծ ընդդիմադիր դաշինքը նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին 10 օր ժամանակ է տվել` արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը հանրաքվեի դնելու համար:

«Քանի որ Սահակաշվիլին բավարար կամք չունի տվյալ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու եւ հրաժարական տալու, մենք նրան 10 օր ժամանակ ենք տալիս, որպեսզի հանրաքվե նշանակի եւ վրաց ժողովրդին հնարավորություն տա որոշել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը», - երեկ հայտարարել է Ալասանիան` ներկայացնելով իր ձեւավորած դաշինքը:

Նորաստեղծ դաշինքի կազմում միավորվել են «Նոր աջեր» եւ Հանրապետական կուսակցությունները, որոնց ղեկավարներ Դավիթ Գամկրելիձեն եւ Դավիթ Ուսուպաշվիլին արդեն հայտարարել են, որ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում իրենց թեկնածուն լինելու է Ալասանիան:

«Ե’վ ընդդիմությունը, ե’ւ իշխանությունները պատասխանատու են, որպեսզի հասարակությունը չգնա հեղափոխական ճանապարհով: Եթե մարդկանց չառաջարկվի այլ ճանապարհ, ապա կարող են ակտիվանալ հեղափոխական տրամադրությունները», - հայտարարել է Ալասանիան: - «Դրա համար պետք է հրավիրել հանրաքվե, եւ թող մարդիկ որոշեն` իշխանությունը պետք է փոխվի՞, թե՞ ոչ: Եթե քաղաքացիները չցանկանան իշխանափոխություն, ապա, բնականաբար, ոչ ոք իրավունք չունի բռնանալ նրանց կամքի վրա»:

Իրակլի Ալասանիան անցած տարվա դեկտեմբերի սկզբին հրաժարական տվեց ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնից` վկայակոչելով երկրի նախագահի հետ տարաձայնությունները, եւ արդեն դեկտեմբերի վերջին անցավ ընդդիմադիր դաշտ` Սահակաշվիլիին մեղադրելով օգոստոսյան պատերազմը չկանխելու մեջ: Այսօր նա համարվում է երկրի նախագահի ամենաբարձր վարկանիշ ունեցող հավակնորդներից մեկը: 35-ամյա գործչի թիմը կազմված է գլխավորապես դիվանագետներից ու մտավորականներից:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG