«Հայաստանը, եթե հանկարծ հայտարարի, որ` ես Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվել եմ, այդ ժամանակ Օբաման կարող է այդպիսի բաներ ասել: Միայն սահման բացելը եւ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելը չի խոչընդոտի Ցեղասպանության ճանաչմանը, որովհետեւ Հայաստանը ոչ մի հանձնառություն չի առնում, որ ինքը հրաժարվում է», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Մանոյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց մտահոգությունն այն է, որ հանկարծ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում չհամաձայնեն այնպիսի քայլերի, որոնք հարցականի տակ կդնեն Ցեղասպանության փաստը եւ թույլ կտան Թուրքիային շահարկել դա. - «Հայաստանը չպետք է համաձայնի որեւէ նախաձեռնության, որը կարող է կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը»:
Նրա խոսքով, մտահոգիչ է, օրինակ, այն մոտեցումը, որ «նախագահը հունիսին հայտարարեց Մոսկվայում, որ հանձնաժողով կազմելու համաձայն կարող ենք լինել` պատմաբանների հանձնաժողով»:
Դաշնակցության ղեկավար անդամը չի բացառում, որ Թուրքիան, սեփական տարածաշրջանային շահերը հաշվի առնելով, հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իբրեւ նախապայման դիտարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մանոյանը փաստարկեց, թե թերեւս դա է պատճառը, որ Ադրբեջանում այս կապակցությամբ «լուրջ մտահոգություններ են հնչում»:
«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-որ տեղ, կարծես թե, փոխվել է Թուրքիայի կեցվածքը», - ասաց նա:
Կիրո Մանոյանի կարծիքով, դեռեւս հարցականի տակ է, թե արդյոք ԱՄՆ-ի նորընտիր նախագահը այս ապրիլի 24-ի իր ուղերձում կգործածի «ցեղասպանություն» բառը:
«Այս ապրիլի 24-ին հնչեցնելը, ես կասեի, որ 50/50 է», - ասաց նա: - «Որովհետեւ կան խնդիրներ, որոնք կարող է նաեւ, իրենց հաշվարկներով, խոչընդոտեն. նույն Իրաքի հետ կապված հարց, նույն Աֆղանստանի հետ կապված հարց...»:
«Ինքը [Օբաման] խոստում չի արել, որ այս ապրիլի 24-ին պիտի անի», - շարունակեց Մանոյանը: - «Ինքը խոստում է արել, որ նախագահ եղած ժամանակ պիտի ճանաչի... Մենք ենք ասում, որ սա առաջին հնարավորությունն է, որ նախագահը ցույց տա, որ ինքը տերն է իր խոստումին»:
Ռուզաննա Ստեփանյան