Մատչելիության հղումներ

Սուրեն Աբրահամյան. «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի գործունեության երկարաձգումը անիմաստ է»


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը անիմաստ է համարում նույն դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության երկարաձգումը եւս 7 ամսով:

Մասնավորապես, նրա համար համոզիչ չէ այն փաստարկը, որ Փաստահավաք խումբը աշխատում է, եւ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նույնպես պետք է աշխատի, որպեսզի Փաստահավաք խումբը նրան ներկայացնի իր եզրակացությունները:

«Եթե ինչ-որ մի բան պետք է Փաստահավաք խումբը եզրակացություն կայացնի, ինչ-որ բան նախաքննական մարմինը պետք է անի, որ նրանք էլ գնահատական տան, իմաստը ո՞րն է այդ հանձնաժողովի` անիմաստ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սուրեն Աբրահամյանը` հավելելով. - «Եթե նրանք հանրության նկատմամբ գոնե փոքրիկ իսկ հարգանք չունեն` այս աննորմալ երեւույթին վերջ տալու համար, գոնե իրենք իրենց հարգեն, այնտեղ մարդիկ կան, որոնք ինքնասիրություն ունեն: Ախր, իրենք էլ չեն պատկերացնում` ինչ տեղապտույտի մեջ են ընկել»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ` «վաղուց արդեն 5-10 եզրակացություն կարելի էր եղած փաստերի հիման վրա, բայց քանի որ նրանք [խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը] ի սկզբանե նպատակ ունեն իշխանությունների կողմից կատարված հանցագործությունները կոծկել, մաքրողի դերում են` «չիստիլշչիկի», ապա միշտ այս վիճակի մեջ են լինելու»:

Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը երկարաձգելու մասին որոշմանը, որը ուժի մեջ է մտնելու վաղվանից:

Հանձնաժողովի գործունեությունը անցած տարվա հոկտեմբերին երկարաձգվել էր չորս ամսով` մինչեւ փետրվարի 25-ը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG