Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է սերտացնել համագործակցությունը Եգիպտոսի հետ


Հայաստանը հետաքրքրված է առավել սերտացնելու եւ խորացնելու Եգիպտոսի հետ երկկողմ համագործակցությունը: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երկուշաբթի օրը Կահիրեում հանդիպելով Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հետ:

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ տնտեսական նախագծերով ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Եգիպտոսի վարչապետն ասել է, որ Եգիպտոսի ժողովուրդը եւ անձամբ ինքը ամենաջերմ զգացմունքներն ու համակրանքն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ: Նա հայ - եգիպտական բարեկամության վառ վկայությունն է համարել եգիպտահայ համայնքի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը երկրի կենսագործունեության տարբեր բնագավառներում:

Նույն օրը Եգիպտոսի արտգործնախարար Ահմադ Աբու Ալ-Ղեյդի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվել է, որ պետությունների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ եւ տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայման լուրջ ներուժ:

Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Մերձավոր Արեւելքում խաղաղության ու կայունության հաստատմամբ, Նալբանդյանը բարձր է գնահատել Եգիպտոսի դերը մերձավորարեւելյան խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացում:

Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է Ահմադ Աբու Ալ-Ղեյդին այցելել Հայաստան:

Հայաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարները ստորագրել են համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջեւ` դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:

Նախարարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը ճեպազրույց է ունեցել եգիպտացի լրագրողների հետ:

Եգիպտոսի արտգործնախարարը իր հայաստանցի գործընկերոջ պատվին պաշտոնական ճաշ է տվել:

Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլնաղայի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է այս տարվա ընթացքում Երեւանում կայանալիք հայ - եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին վերաբերող հարցեր:

Երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հարցազրույց է տվել արաբական աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկին` Կահիրեում հրատարակվող «Ալ-Ահրամ»-ին:

Այսօր Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Հորդանան:

Մերձավոր Արեւելքի տարածաշրջան Հայաստանի արտգործնախարարի այցելության շրջանակներում նախատեսված են նաեւ նրա պաշտոնական այցերը Լիբանան եւ Սիրիա:


(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Ահմադ Նազիֆ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG