Մատչելիության հղումներ

«Վերջին շրջանում Day.az-ը անկողմնակալ լրատվություն ապահովում էր»


Ադրբեջանական Day.az ինտերնետային կայքի փակումը ազատ խոսքի եւ լրատվության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքի դրսեւորումը կարող է լինել, եթե պատճառը զուտ տեխնիկական չէ: Մեզ հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը, ուշադրություն հրավիրելով նաեւ այն փաստի վրա, որ կայքը գործունեությունը դադարեցրեց երկրում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի օրը` փետրվարի 18-ին:

Մարտի 18-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեով նախատեսվում է վերացնել Արդրբեջանի նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավելի անընդմեջ ընտրվելու օրենսդրական արգելքը:

«Բազմաթիվ փորձագետներ են հիմնական պատճառը համարում առաջիկա հանրաքվեն: Հաշվի առնելով,որ Day.az-ի տերերը մոտ են իշխանական շրջանակներին, դժվար է միանշանակ պնդել, որ կայքը փակվել է հենց այդ պատճառով: Բայց նկատենք նաեւ, որ վերջին շրջանում Day.az-ը անկողմնակալ լրատվություն ապահովում էր եւ կայքում աշխատող լրագրողները անկախ դիրքորոշմամբ հանդես գալիս էին: Թեեւ էջի ղեկավարները վկայակոչում են զուտ տեխնիկական պատճառներ, բայց շրջանառվում են տարբեր վարկածներ», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանական ծառայության տնօրենը:

Հաջորդ հնարավոր պատճառը Քենան Ալիեւը համարեց ռուս հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ հարցազրույցի հրապարակումը: Day.az-ին տված հարցազրույցում Բերեզովսկին սուր քննադատության Էր ենթարկել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, նրան անվանելով` «կոռուպցիոներ»:

«Բերեզովսկին հայտարարել էր, թե Պուտինը 40 միլիարդ դոլարի հասնող գումարներ ունի, թե Պուտինն է կանգնած Կովկասում տեղի ունեցող հակամարտությունների հետեւում», - նշեց Քենան Ալիեւը , - «Բայց կայքի ղեկավարները հերքում են, որ դա կարող էր լրատվամիջոցի փակման պատճառը լինել, առանց նշելու, թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը»:

Բորիս Բերեզովսկին այդ հարցազրույցում չէր բացառել նաեւ Ռուսաստանի մասնակցությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռաիլ Ռզաեւի սպանությանը` փետրվարի 11-ին:

«Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանական ծառայության ղեկավարը հավանական չհամարեց հնարավոր պատճառների շարքում մատնանշվող այն վարկածը, թե Day.az-ը կարող էր փակվել Ադրբեջանի տնտեսական վիճակի վատացման մասին նյութի հրապարակման պատճառով: Քենան Ալիեւի կարծիքով, պարզապես զուգադիպել է, որ դա է եղել կայքի վերջին նյութը, նշելով, որ երկրի տնտեսության վիճակը վերջին շրջանում բազմաթիվ լրատվամիջոցներ են քննադատում:

Day.az-ի էլեկտրոնային հասցեում տեղադրված ժամանակավոր էջում գրված է, որ կայքը փակված է տեխնիկական պատճառներով եւ կվերադառնա փետրվարի 25-ին: Մինչդեռ այս օրերին հրապարակվող տեսակետներում փորձագետներն ու լրագրողները թերահավատորեն են վերաբերում, որ այն կվերաբացվի, կամ որ վերադառնալու դեպքում կպահպանի իր լրատվական քաղաքականությունը: Այդ կարծիքին է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը:

«Եթե դա այդպես լինի, ուրեմն կհիմնավորվի կայքը տեխնիկական պատճառներով փակելու վարկածը: Բայց եթե ընթերցողները նկատեն տեղեկատվության որակի տարբերություն, ուրեմն կայքը փակվել է ճնշման տակ եւ ճնշման տակ էլ պետք է աշխատի երկար ժամանակ: Ադրբեջանում կա նման փորձ. երբ երկու տարի առաջ փակվեց ANS հեռուստաընկերությունը, վերաբացվելուց հետո թեմատիկան եւ աշխատանքը լրիվ փոխված էր», - նշեց Քենան Ալիեւը:

Հունվարից Ադրբեջանում եթերազրկված են «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայն»-ը եւ BBC-ի ադրբեջանական ծառայությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG