Մատչելիության հղումներ

Կաթոլիկ եպիսկոպոսները վրդովված են իսրայելական հեռուստածրագրում քրիստոնեության դեմ հարձակումներից


Երուսաղեմի կաթոլիկ եպիսկոպոսները երեկ իրենց վրդովմունքն են արտահայտել իսրայելական հեռուստածրագրերից մեկում տեղ գտած` Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Աստվածածնի դեմ հարձակումների կապակցությամբ, որոնք քրիստոնյա բարձրաստիճան հոգեւորականները որակել են «արգահատելի»:

«Մենք` Սուրբ Երկրում կաթոլիկ եպիսկոպոսների ժողովի անդամներս, գերագույն տագնապով դատապարտում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ նրա մոր` օրհնյալ Կույս Մարիամի դեմ արգահատելի հարձակումները, որոնք կատարվում են Իսրայելի հեռուստատեսության 10-րդ ալիքով», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել են Երուսաղեմի Լատին պատրիարքը, Հայ, Քաղդեական, Հունական, Մարոնիտ եւ Սիրական կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսները:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` իսրայելական մասնավոր հեռուստաալիքը նման ծաղրական անդրադարձներ էր կատարել այս շաբաթ ավելի վաղ, իսկ իսրայելցի կատակերգակ Լիոր Շլեյնը հեռուստածրագրում հայտարարել էր, թե «քանի որ քրիստոնյաները հերքում են Հոլոքոսթը, ես էլ ցանկանում եմ հերքել քրիստոնեությունը»: Բողոքներից հետո, սակայն, դերասանը ներողություն էր խնդրել:

Կաթոլիկ եպիսկոպոսները իրենց հայտարարությունում ընդգծել են, որ տեղի ունեցածը իրենք դիտարկում են «տարիներ շարունակ Իսրայելի ամբողջ տարածքում քրիստոնյաների դեմ իրականացվող շարունակական հարձակումների ավելի մեծ համատեքստում», եւ իշխանություններին կոչ են արել քննություն սկսել տվյալ փաստով:

«Աներեւակայելի է, որ նման միջադեպերը պատահում են Իսրայելում, որտեղ գտնվում են քրիստոնեության ամենանվիրական սրբավայրերը», - ասված է հայտարարությունում:

Վատիկանի եւ Իսրայելի միջեւ լարվածությունը աճել է անգլիացի եպիսկոպոս Ռիչարդ Ուիլյամսոնի կողմից Հոլոքոսթի ժխտման հետ կապված սկանդալից հետո:

Մայիսին նախատեսված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի այցը Իսրայել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG