Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի համար չափազանց կարեւոր են ռազմակայանները Հայաստանում»


Գնահատելով Ժնեւում փետրվարի 17-18-ը տեղի ունեցած Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, ռազմական հարցերով անվանի վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը ասել է, որ միջադեպերը կանխելու մասին համաձայնագիրը կարելի է փոքր նվաճում համարել, սակայն նոր բախումների հավանականությունը մեծ է:

«Քանի դեռ հրադադարն այսպիսին է, այսինքն` երկու կողմից ուղեկցվում է սադրանքներով, բախումներով, խախտումներով, փոխհրաձգություններով, այսչափ անկայուն հրադադարի պայմաններում շատ մեծ է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը», - ասել է վերլուծաբանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

Պավել Ֆելգենհաուերի կարծիքով, ռուսական կողմի համար լուրջ կորուստներով ավարտված ցանկացած բախում պաշտոնական Մոսկվան կարող է օգտագործել որպես պատերազմ սկսելու օրինական առիթ` casus belli:

Նա ենթադրում է, որ ռուս - վրացական երկրորդ պատերազմն ընդամենը ժամանակի խնդիր է:

«Կարելի է չհավանել Սահակաշվիլիին, ՆԱՏO-ն, բայց կա մեկ այլ հանգամանք` Հայաստանը շրջափակված է: Ռուսական զորքն այնտեղ շրջափակված է, ցամաքային ճանապարհ չկա: Դա նշանակում է, որ տեխնիկան հնարավոր չէ այնտեղից հանել նորոգման կամ արդիականացման համար, հնարավոր չէ բերել նոր տեխնիկա: Այն հնարավոր չէ փոխադրել օդային ճանապարհով, ուստի այսպիսի վիճակը երկար տեւել չի կարող», - ասել է Ֆելգենհաուերը:

Նրա կարծիքով` պաշտոնական Մոսկվայի համար ռազմակայանները Հայաստանում չափազանց կարեւոր են, քանզի դրանք Անդրկովկասում Ռուսաստանի հավակնությունների խորհրդանիշն են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG