Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ «Երկիր»-ը զրուցել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հետ: Հարցին, թե զանգվածային անկարգությունների համար կազմակերպչին չպատժելը, եթե նա չի մասնակցել անկարգությանը, մեծ հնարավորություններ չի՞ տալիս կազմակերպիչներին, պատգամավորը պատասխանել է. - «Նա կարող է զանգվածային անկարգություններ կազմակերպել, բայց ցանկացած դեպքում պետք է պատասխանատվություն կրի իր գիտակցված գործողության համար։ Սա Քրեական օրենսգրքի սկզբունք է։ Անկարգությունների մասնակիցների կազմում, օրինակ, կարող են լինել մարդիկ, որոնք պարզապես տարրական, կենցաղային հարթության վրա կամ սովորական խոսակցության ընթացքում փորձեն իրար նկատմամբ ոտնձգություն անել, եւ արդյունքում մեկը մահանա։ Դա կարող է լինել կա՛մ դիտավորյալ սպանություն, կա՛մ անզգուշությամբ մահ պատճառելու։ Հիմա սրա համար չի կարող պատասխանատվություն կրել կազմակերպիչը։ Սա խախտում է արդեն քրեական հանցագործության պատասխանատվության անհատականացման սկզբունքը, որն է` յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի ի՛ր արարքի համար։ Մյուս կարեւոր հանգամանքը. կարող են լինել զանգվածային անկարգության մասնակիցներ, ովքեր որեւէ բռնություն չեն գործադրել, չեն թալանել... կարճ ասած` մասնակից են, բայց իրենք անմիջական գործադրողներ չեն։ Ուրեմն նրանք պետք է պատասխանատվություն չկրեն այդ գործողությունների համար։ Սա հիմնարար սկզբունքներից մեկն է։ Կոլեկտիվ պատասխանատվությունը Քրեական օրենսգրքում չկա»։

Այս նույն հարցերին «Առավոտ»-ում պատասխանում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը. - «Իրականում տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ, որն ընթերցել է այդ հոդվածները եւ ծանոթ է «Մարտի 1»-ի գործին, հասկանում է, որ այս հոդվածների դիսպոզիցիան որեւէ կապ չունի այն մեղադրանքի հետ, որը ներկայացվել է ոչ միայն «7»-ի գործով քաղբանտարկյալներին, այլ նաեւ բազմաթիվ այլ դատավարությունների ընթացքում։ Ընդամենը հիշեցնեմ, որ իշխանությունն անընդհատ հայտարարում էր, թե այս փոփոխությունները պետք են մեզ, ոչ թե Եվրոպայի խորհրդին։ Իսկ այժմ՝ այդ փոփոխությունները հայտնի դառնալուց հետո, կավելացնեմ, որ դրանք պետք չեն նաեւ հասարակությանը, եւ ակնհայտ է, որ այս փոփոխությունները պետք էին իրոք միայն իշխանությանը... Ես հիմա մի քանի հայտարարություններ կանեմ, որոնք կարելի է այնպես մեկնաբանել, որ կհամապատասխանեն այդ նոր ձեւակերպվելիք հոդվածներով սահմանված հանցակազմին։ Ես ասում եմ, որ այս իշխանությունը պետք է հրաժարական տա՝ սա իշխանափոխության կոչ է։ Ես ասում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է վերանայի իր որոշումը եւ նորից քննի 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները՝ սրանով ես պարտադրում եմ գործողություն կատարել ՍԴ-ին։ Ես նաեւ ասում եմ, որ հասարակությունն այլեւս չի հանդուրժի այս իշխանություններին։ Սա էլ Դավիթ Հարությունյանը կամ Աղվան Հովսեփյանը հանգիստ կարող են մեկնաբանել որպես բռնության կոչ»։

«Հայոց Աշխարհ»-ը մեկնաբանում է «ՀՀՇ-ական այն պնդումը, թե ներկա իշխանությունները նախորդից ժառանգել են մարտունակ եւ վարժ բանակ». - «Նախ՝ «ժառանգելու» մասին։ Այդ ումից են ժառանգել՝ ՀՀՇ-ի՞ց։ Մինչեւ 1998-ը ՀՀՇ-ն մարտունակ ու վարժեցված բանդաներ էր պահում, ոչ թե բանակ։ Իսկ որ նախկինները ներկա իշխանությանը նման բանակ չէին կարող ժառանգել, դա էլ իր խոսքով փաստեց նույն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, որը 2008-ի նախընտրական շրջանում խոստանում էր նախագահ դառնալուց հետո պահել ընդամենը 15 հազարանոց բանակ... Դե, 1998-ի փետրվարից մինչեւ 2009-ի փետրվարը այն, ինչ տեղի է ունեցել երկրում, այդ ամենը հհշականների աչքերին երեւում է որպես «պետական հեղաշրջում»։ Այ հենց սկսած այն պահից, երբ 1998-ի փետրվարի առաջին օրերին, երկիրը թողնելով բախտի քմահաճույքին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ու իր «խաղաղության» կուսակցության հետ հեռացավ, նույն պահից հհշականները շարունակ հայտարարում են, թե Վազգեն Սարգսյանը երկրում պետական հեղաշրջում իրականացրեց»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Երեկ առավոտյան Երեւանի տարադրամի փոխանակման կետերում իսկական խուճապ էր: Դոլարը վաճառվում էր 309 դրամով, իսկ բոլոր այն կետերը, որոնք վաճառքի ավելի ցածր գին էին սահմանել, հայտարարում էին, թե դոլար չունեն... Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե խուճապի պատճառն իսկապես «ընդդիմադիր թերթերից մեկի» հրապարակումն էր: Բայց այդպե՞ս է արդյոք: Պատկերացրեք` վաղը մեկ այլ ընդդիմադիր թերթ գրում է, որ շուտով դոլարն արժենալու է 100 դրամ: Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ դրանից հետո բոլորը կշտապեն տարադրամի փոխանակման կետեր եւ հերթ կկանգնեն` իրենց դոլարը դրամ դարձնելու համար»:

Այսօր «Հայք» օրաթերթը լույս չի տեսել: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Գինդ» տպարանը, ուր տպագրվում է «Հայք»-ը, դատական հայց է ներկայացրել թերթի դեմ եւ պահանջել դադարեցնել թերթի տպագրությունը, քանի որ այն տպարանին պարտք է եղել ավելի քան 2 միլիոն դրամ: Ըստ «Հայք»-ի խմբագրակազմի` իր տպագրության ընթացքում «Հայք»-ը տպարանին երբեք պարտք չի եղել, եւ այս 2,3 միլիոն դրամը կուտակել է անցած տարեվերջին: Իսկ այս տարի, սկսելով տպագրությունը, «Հայք»-ը նույնիսկ կանխավճարով է աշխատել եւ պարտավորվել մինչեւ ապրիլ վճարել մնացած պարտքը: Սակայն, ինչպես տեղեկացնում են թերթից, դժգոհ մնալով տպարանի պահվածքից, իրենք որոշել են փոխել տպարանը` միեւնույն ժամանակ տպարանի ղեկավարությանը տեղեկացնելով, որ իրենք չեն հրաժարվում պարտքից: Երեկ, սակայն, խմբագրությունում են հայտնվել Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները: Նույն պահին թերթը նամակ է ստացել «Գինդ»-ից, որտեղ նշված է, որ եթե պարտքը մինչեւ փետրվարի 20-ը չմարվի, ինքը կդիմի դատարան: Մինչեւ այս հարցի կարգավորումը «Հայք»-ը լույս կտեսնի էլեկտրոնային տարբերակով:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG