«Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց ապրիլի 9-ին, սակայն, ըստ ավանդույթի, ընդունված է նախագահության առաջին արդյունքները ի մի բերել ընտրությունների նախօրեին, որը լրանում է փետրվարի 19-ին: Փետրվարյան եւ ապրիլյան ամսաթվերի միջեւ ժամանակահատվածը իր մեջ ներառում է մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, եւ զարմանալի չէ, որ երդման արարողությունից անմիջապես հետո հասարակության մեջ խոսեցին այն մասին, որ նոր իշխանությունը ժամանակի եւ վստահության դեֆիցիտի խնդիր ունի: Ակնհայտ չափազանցություն կլինի պնդելը, թե Սարգսյանին արդեն հաջողվել է կրճատել իշխանության եւ ժողովրդի միջեւ ջրբաժանը: Սակայն այն հարցում, որ ետընտրական հանրահավաքները գնալով դառնում էին ավելի սակավամարդ, իսկ հոկտեմբերի 17-ին վերջնականապես վերացան, անխոս, նախագահի արժանիքն էր, ով հետաքրքրված էր հարկային կարգապահության բարձրացման եւ տնտեսական պայմանների ու արդար մրցակցության մեջ: Հասարակության մտածող մասը, որը չէր կրում ատելության լեւոնական քարոզչության բեռը, հավատաց կոռուպցիայի, հովանավորչության եւ այլ բացասական երեւույթների դեմ ոչ միայն խոսքով, այլեւ գործով պայքարելու նախագահի մտադրությանը»:
«Հայոց Աշխարհ»-ում անցած մեկ տարվա գնահատականն է տվել պատգամավոր (ՀՀԿ) Ռազմիկ Զոհրաբյանը: Նա ասում է. - «Ինչ խոսք, մարտի 1-ի իրադարձությունների, այս դատավարությունների, մարդու իրավունքների հետ կապված՝ որոշակի խնդիրներ ունեցանք եվրոպացիների հետ, բայց գլոբալ առումով իրենք այդ խնդիրները, կարծում եմ, էական չեն համարում։ Ի վերջո, դրանք լուծելի հարցեր են։ Հայաստանը այդ ուղղությամբ աշխատում է, որոշակի քայլեր է ձեռնարկում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների իրականացման համար: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, քանի դեռ կա մարդկությունը, դրանք խախտվելու են, եւ Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ»:
Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին` ինչպե՞ս են պատրաստվում նշել նախագահական ընտրությունների մեկ տարին, ասել է. - «Մենք եւ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատել ենք նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երդմնակալության արարողությունից հետո, ունենք քննություն 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այսպես ասած, մենք քեֆ անելու եւ խրախճանքներ կազմակերպելու ժամանակ չունենք: Եվ վստահ ենք, որ նշելու լավագույն ձեւը մեր լավ աշխատանքն է»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Թե ներկայումս որքան է դոլարի գինը Հայաստանում, հնարավոր չէ պարզել: Մեկ դոլարը` 305 դրամ փոխարժեքը այնքան կեղծ է, այնքան արհեստական, որ եթե մի պահ Կենտրոնական բանկը խելքի գա ու վերադառնա շուկայական մեխանիզմներին, այսինքն` «լողացող փոխարժեքին», հնարավոր չէ ասել, թե ինչ կկատարվի դրամի հետ: Այն կարող է այնպես պայթել, որ հաշված ժամերի ընթացքում Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգը հիմնահատակ կփլուզվի: Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ դոլարը 305 դրամ ցուցանիշի վրա պահելու նպատակով իրականացվող այս քայլերը է’լ ավելի են նվազեցնում այդ իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Այսինքն` այդ հնարավորությունները ամեն օր, ամեն ժամ գնալով նվազում են»:
Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է թեման. - «Մեզ, անկեղծ ասած, դրամի փոխարժեքն ազատ թողնելու ճանապարհով տնտեսությունը աշխուժացնելու հեռանկարը հավատ չի ներշնչում: Եթե վաղը դոլարն արժենա, ասենք, 500 դրամ, դրանից Հայաստանի տնտեսության վիճակը չի լավանա: Հայաստանն այլեւս տնտեսություն չունի, եւ պատճառը, ի դեպ, համաշխարհային ճգնաժամը չէ: Հայաստանի տնտեսությունը հետեւողականորեն վերացվել է մոտավորապես 2001-2002 թվականներից սկսած, երբ քաղաքական որոշում է ընդունվել, որ Հայաստանին ոչ թե տնտեսություն է պետք, այլ տրանսֆերտների վրա կառուցված տնտեսական աճ»:
Գյումրիի «Հինգշաբթի» շաբաթաթերթը գրում է. - «Գազի սակագինը բարձրանում է, բայց չէ՞ որ գոնե այս պարագայում մեր երկիրը պետք է որոշակի արտոնություններից օգտվեր` թեկուզեւ Ռուսաստանի բարեկամը լինելով: Առայժմ չենք զգում, որ ինչ-որ դրական միտումներ նկատվեն մեր երկրի հանդեպ: Իսկ ժամանակ համարյա չի մնացել: Ժողովրդի համար բոլորովին միեւնույն է, թե ում հետ բարեկամություն կանի մեր կառավարությունը: Շարքային հայն ուզում է մարդավարի ապրել, անվստահություն չունենալ ապագայի նկատմամբ, չքոչել իր հայրենիքից` ափսոսանքի ու դժգոհության միախառնված զգացմունքներով»:
Աղասի Ենոքյան